Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի ընկալումները նույնական են

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝  TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի  ընկալումները նույնական են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում Վրաստանի գործընկերներին մանրամասն տեղեկատվություն է փոխանցվել, թե ինչ է տեղի ունենում TRIPP նախագծի իրագործման համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում գործընթացների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ՝ հավելելով, որ նաև տարածաշրջանային իրավիճակի հետ կապված հայկական կողմի իրենց գնահատականն են կիսել վրացի գործընկերների հետ։

Անդրադառնալով, մասնավորապես, TRIPP նախագծի իրագործման համատեքստում Վրաստանի դիրքորոշման հարցին, ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ վրացի գործընկերներն ընկալումները նույնն են։

«Ես կարծում եմ, որ կա դիտանկյունի հարց։ Եթե մենք վերցնենք նեղ գծերի տրամաբանությամբ՝ պատկերն այլ է, եթե վերցնենք տարածաշրջանի տրամաբանությամբ, լրիվ այլ։ Խոսքը վերաբերում է արևելքից արևմուտք, մասնավորապես՝ Չինաստանից դեպի Եվրամիություն և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքի փոխադրման մասին։ Եթե մենք զուգահեռ 20 երկաթուղի և 20 ճանապարհ բացենք, ապա, միևնույնն է, չեն բավականացնի՝ սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը։ Հետևաբար, կարծում եմ, հիմա շատ լավ պահ է, որպեսզի Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն որպես ընդհանուր»,-ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում պետք է գերիշխի այն մտայնությունը, որպեսզի տարածաշրջանում արագ և ապահով անցման հնարավորություն ստեղծվի  տասնյակ հազարավոր, միլիոնավոր տոննաների հասնող բեռների համար, որոնք հիմա ճանապարհ են փնտրում։

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ այդ դեպքում տարածաշրջանային բոլոր երկրների եկամուտները կավելանան տասնյակ անգամներ, մինչդեռ, առանձին վերցրած երկրներից որևէ մեկը չի կարողանա սպասարկել նման ծավալի հոսքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում