Երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում պետք է ավելի ուշադիր լինենք դիվանագիտությանը. Փաշինյան
4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության և բնականոն զարգացման գործում մեծ կարևորություն է տալիս դիվանագիտությանը, դիվանագիտական ծառայության դերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման իր ելույթում:
Վարչապետը կարևորեց դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերը, նշանակությունը, երկրի զարգացման գործում տեղն ավելի ու ավելի ամբողջական գիտակցելը:
«Մենք պետք է դիվանագիտությանը և դիվանագիտական ծառայության դերին երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում ավելի ուշադիր լինենք: Իրականության՝ մի փոքր աղճատված գիտակցության արդյունք է, որ մենք անվտանգություն ասելիս սովորաբար միշտ առաջին հերթին հասկացել ենք բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ... Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա, այդքան նշանակում է, որ անվտանգության վիճակը բարվոք չէ: Եվ ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, նշանակում է՝ անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»,-ասաց Փաշինյանը:
Նա դիվանագիտական ծառայությունը համեմատեց ավտոմեքենաներից հայտնի climate control-ի հետ:
«Դիվանագիտական ծառայության ամբողջ իմաստն ու նշանակությունն այն է, որ արտաքին միջավայրում և դրա ազդեցությամբ, նաև ներքին միջավայրում եղանակը լինի հնարավորինս բարենպաստ՝ ձմեռները՝ հնարավորինս տաք, ամառները՝ հնարավորինս զով, անձրևները՝ հնարավորինս մեղմ... Եվ կարծում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով: Սրա համար պետք է ավելի ու ավելի լավ ճանաչել աշխարհը, ավելի ու ավելի լավ ճանաչել պրոցեսները, ավելի ու ավելի լավ տեսնել այն փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհում և վերափոխվել այդ փոփոխություններին զուգահեռ: Զարգացումը փոփոխման պրոցես է, որովհետև, եթե տեղի չի ունենում փոփոխություն, նշանակում է՝ տեղի չի ունենում զարգացում: Եթե մենք այսօր այսպիսին ենք, ինչպիսին էինք 20 տարի առաջ, նշանակում է՝ մենք մնացել ենք նույն կետում, նշանակում է լճացում է տեղի ունեցել: Մենք պետք է փոխվենք: Փոխվել, առաջին հերթին, նշանակում է ընդլայնել մեր գիտելիքի և իմացության շրջանակը, խորությունը և ծավալը: Եվ ես կարծում եմ, որ հիմա մենք այդ ուղղությամբ ենք գնում և պետք է շարունակենք գնալ այդ ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
Նա կարևորեց ավելի շատ իրադարձություններ, իրադարձությունների փոխադարձ կապվածությունն իմանալը:
«Նույնիսկ այսօր մեր տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք պատճառահետևանքային կապերը մենք միանգամից չէ, որ տեսնում ու նկատում ենք: Բայց լավ լուրն այն է, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում ու նկատում: Դա նշանակում է, որ ավելի շատ գործիքների ենք տիրապետում մեր շուրջ միջավայրը, մեր շուրջ կլիման մեզ համար ավելի կանխատեսելի ու կառավարելի դարձնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը: