Հայաստան

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառում

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառում, որի ընթացքում Ուրուգվայի խոշոր և ճանաչված զբոսաշրջային գործակալություններից մեկը՝ Hiperviajes-ը, հայտարարել է Հայաստանը՝ որպես նոր և հեռանկարային զբոսաշրջային ուղղություն, իր առաջարկների ցանկում ներառելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի արձանագրած առաջընթացին, կառավարության կողմից իրականացվող ռազմավարությանը և բարեփոխումներին, ինչպես նաև՝ երկրի հարուստ մշակութային ժառանգությանը, բնական գեղեցկություններին և բազմազան զբոսաշրջային հնարավորություններին։ 

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով պատմամշակութային արժեքներով հարուստ, անվտանգ և զարգացած ենթակառուցվածքներով երկիր, առաջացնում է աճող հետաքրքրություն միջազգային զբոսաշրջիկների շրջանում՝ ներկայացնելով նաև վերջին տարիների վիճակագրական տվյալները:

Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Hiperviajes ընկերության գործադիր տնօրեն Ֆերնանդո Ռիվասը, կորպորատիվ ղեկավար Անդրեա Բեժոլիոն և վաճառքի պատասխանատու Էուխենիա Կալվետտեն՝ ներկայացնելով Հայաստան այցելության հնարավորությունները, առաջարկվող երթուղիները և տարվա բոլոր եղանակների համար նախատեսված զբոսաշրջային առաջարկները։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարության, Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի և զբոսաշրջային ոլորտի երկու տասնյակից ավելի ընկերությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ սենատոր, Զբոսաշրջության նախկին նախարար Լիլիամ Կեչիչյանը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական ուտեստների հյուրասիրություն։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում