Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին
1 րոպեի ընթերցում

Պակիստանի պատասխան գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 274 աֆղանստանցի զինվոր, վիրավորվել է ավելի քան 400-ը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Ահմեդ Չաուդհրին։
Նրա խոսքով՝ Պակիստանի բանակը նաև ոչնչացրել է աֆղանական 73 անցակետ, գրավել ևս 18-ը։ Բացի այդ, վնասվել է ավելի քան 115 ռազմական մեքենա, այդ թվում՝ տանկեր, զրահափոխադրիչներ և հրետանի։
Գիշերը կողմերն ինտենսիվ հարվածներ են հասցրել մեկը մյուսին։ Ավելի վաղ Աֆղանստանը հայտնել էր պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։
Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը։ Չինաստանը և Թուրքիան ընդգծել են երկխոսության և կայունության կարևորությունը, իսկ Ռուսաստանը Պակիստանին և Աֆղանստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։