Աշխարհ

ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել

«Իսլամական պետությունը» (ԻՊ) ստանձնել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակկայի նահանգում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ սիրիական բանակի 3 զինվոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն։

Խմբավորման «Ամակ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԻՊ-ի զինյալները փետրվարի 24-ին հարձակում են գործել Ռակկա քաղաքի մոտակայքում գտնվող Սիրիայի ներքին անվտանգության ուժերի դիրքի վրա։ Գործակալության փոխանցմամբ՝ ԻՊ-ի զինյալները մոտեցել են սիրիական բանակի դիրքին և մոտ հեռավորությունից կրակ են բացել դիրքի ուղղությամբ, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը ևս հայտնել է հարձակման և զոհերի ու վիրավորների մասին՝ նշելով, որ անվտանգության ուժերը կարողացել են չեզոքացնել հարձակվող խմբի անդամներից մեկին, մինչդեռ մնացած անդամներին հետապնդելու գործողությունները շարունակվում են։

Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ այս հարձակումը վերջին օրերի ընթացքում երկրորդն էր՝ պարզաբանելով, որ նույն անցակետը հարձակման է ենթարկվել նաև փետրվարի 22-ին, որի ընթացքում չեզոքացվել է հարձակվողներից մեկը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ ԻՊ-ն զինված հարձակում է իրականացրել նաև Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զորի նահանգում։

ԻՊ-ի հարձակումներն ակտիվացել են այն բանից հետո, երբ ԻՊ-ի պաշտոնական խոսնակը կոչ է արել առաջնահերթություն դարձնել Սիրիայի կառավարության դեմ պայքարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում