Աշխարհ

Սեուլում կարծում են, որ Կիմ Չեն Ընի դեռահաս դուստրը գլխավորում է Հյուսիսային Կորեայի հրթիռային վարչությունը

2 րոպեի ընթերցում

Սեուլում կարծում են, որ Կիմ Չեն Ընի դեռահաս դուստրը գլխավորում է Հյուսիսային Կորեայի հրթիռային վարչությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեռահաս դուստրը՝ Կիմ Չժու Էն, նշանակվել է երկրի հրթիռային վարչության տնօրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթը՝ հղում անելով կառավարության իրազեկ աղբյուրների։

Այդ աղբյուրների համաձայն՝ Կիմ Չեն Ընի դուստրը կատարում է Հյուսիսային Կորեայում հրթիռների արտադրության գծով գլխավոր տնօրենի պարտականությունները։

Հարավկորեական հետախուզությունը ենթադրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր դստերը նշանակել է հրթիռների արտադրության գծով գլխավոր տնօրենի պաշտոնում՝ զինվորականների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն ապահովելու համար։ Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշում է, որ երկրի հրթիռների արտադրության գծով գլխավոր վարչությունը պաշտոնապես ղեկավարում է Չան Չհան Հան։

Սակայն Կիմ Չեն Ընի դուստրը հաշվետվություններ է ստանում գեներալներից և կարգադրություններ անում:

Բացի այդ, հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն՝ Կիմ Չեն Ընի դուստրն իր անունը Կիմ Չժու Էից փոխել է Կիմ Չժու Հե։ Թերթն ընդգծում է, որ այդ փաստը կարող է վկայել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը նշանակվել է որպես նրան փոխարինող։

«Չոսուն Իլբո»-ն հիշեցնում է, որ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդը սկզբում հայտնի էր որպես Կիմ Չեն Ուն, սակայն հետագայում փոխել է իր անունը՝ դառնալով Կիմ Չեն Ըն։

Կա մի տեսություն, որ նա իր անունը «Չեն Ուն»-ից (նշանակում է «ամպ») փոխել է «Չեն Ըն»-ի (նշանակում է «բարիք») 2009 թվականին, երբ նշանակվել է իր հորը՝ Կիմ Չեն Իրին փոխարինող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում