«Երևանյան բեսթսելեր». «Նախքան սուրճը կսառի» առաջատար. թարգմանական. հունվար, 2026
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունվարի վաճառքների հիման վրա:
Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի»-ն առաջին տեղում է։ Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...
Երկրորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Ֆրանկ Տիլյեի «Նորֆերվիլ»-ը երրորդ տեղում է։ Մեկուսացած, սառը քաղաք, որտեղ ամեն լռություն գաղտնիք է պահում։ Չբացահայտված սպանությունը դառնում է վտանգավոր հետաքննության սկիզբ՝ լի լարվածությամբ, հոգեբանական ճնշմամբ և անսպասելի շրջադարձերով։ «Նորֆերվիլը» թրիլլեր է, որը քեզ կպահի լարված մինչև վերջին էջը։
Մարիա Քորելլիի «Սատանայի վիշտը» չորրորդ տեղում է։ Աղքատության և անհայտության մեջ ապրող երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը ակամայից հոգին վաճառում է Սատանային և նրանից ստանում այն ամենը, ինչի մասին միայն երազում էր: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Ակամայից, քանի որ, չիմանալով, թե ով է իրականում թաքնված, ինչպես ինքն է ասում, իր լավագույն ընկերոջ կերպարի հետևում, որի հետ ծանոթացել էր իր կյանքի հավանաբար ամենաառեղծվածային և անակնկալներով լի օրը, նրան համարում է իր փոփոխական բախտի ամենահրաշալի պարգևներից մեկը։ Այժմ աշխարհիկ հասարակությունը, որը նախկինում անտեսում էր նրան, նրա ոտքերի առաջ էր: Արդեն միլիոնատեր Ջեֆրի Թեմփսթը վայելում էր այն ամենը, ինչը կարելի էր գնել փողով, երերուն հասարակական դիրք, քծնող ծառաների և սպասավորների ներկայություն, շինծու գրական փառք, արհամարհանք և դավաճանություն՝ քողարկված թվացյալ սիրո ներքո... Ու եթե առաջինների ոչ իրական լինելու փաստը նա գիտակցում էր, սիրո հարցում նրան վիճակված էր առերեսվել այն պարզ աքսիոմի հետ, որ իրական սերը չի վաճառվում: Գիրքը հրատարակվել է 1895 թվականին և դարձել վիկտորիանական Անգլիայի պատմության մեջ ամենամեծ բեսթսելլերը: Թեև գրեթե բոլոր քննադատները նշել են գրքի գրական անկատարության մասին, ստեղծագործության պաշտպանությամբ հանդես է եկել Օսկար Ուայլդը, ինչն իրականում զարմանալի չէ, գրքի առաջին մասում Ջեֆրի Թեմփսթի ուղին մեծապես կրկնում է նրա Դորիան Գրեյի բարոյական անկումը։
Հինգերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։
Մայք Օմերի «Մարդասպանի վերադարձը» վեցերորդ տեղում է։ Արյան ծարավը խելագարեցնում է, մոլորեցնում, ստիպում դուրս գալ որսի: Իսկ ի՞նչ, եթե արյան ծարավով տարված մեկը հանդիպի սերիական մարդասպանի, որը նույնպես ունի ծարավ… որսի ծարավ։ Չիկագոյի փոքրիկ եկեղեցիներից մեկի հովվի աղջիկը հայտնաբերվում է սպանված։ Մարդասպանը գործել է նախապես ծրագրված կերպով, պլանավորել է սպանությունը, բայց թույլ տվել սխալներ: Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ-ի գործակալ Թեյթում Գրեյը նորից դեպքի վայրում են և նրանք անում են իրենց սեփական որսը՝ վերջապես գտնելու Զոիի անցյալից եկող սարսափելի ուրվականին՝ Ռոդ Գլովեր անունով սերիական մարդասպանին։ Զոի Բենթլիի և Թեյթում Գրեյի հետաքննության մասին այս վերջին գիրքը իսկական էմոցիոնալ ճոճանակ է, որը թույլ չի տա ընթերցողին գեթ մեկ րոպե կտրվել ընթերցանությունից։
Յոթերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Ութերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը իններորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:
Տասներորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +2 | ![]() | Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» | Դավինչի | 124 |
| 2 | 0 | ![]() | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 116 |
| 3 | Նոր | ![]() | Ֆրանկ Տիլյե, «Նորֆերվիլ» | Դավինչի | 89 |
| 4 | Նոր | ![]() | Մարիա Քորելլի, «Սատանայի վիշտը» | Բաբելոն | 87 |
| 5 | * | ![]() | Ջորջ Օրուել, «1984» | Անտարես | 79 |
| 6 | -2 | ![]() | Մայք Օմեր, «Մարդասպանի վերադարձը» | Դավինչի | 71 |
| 7 | -2 | ![]() | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 67 |
| 8 | * | ![]() | Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» | Անտարես | 67 |
| 9 | * | ![]() | Աննա Ջեյն, «Երկրպագուն» | Բուքփրայզ | 64 |
| 10 | 0 | ![]() | Գամիդ Ամիրով, «Արցունքներ դրախտում» | Բուկինիստ | 63 |









