Տնտեսություն

Ինտենսիվ գյուղատնտեսության համար ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նշված բոլոր ցուցանիշներն անցած տարի կատարվել են․ Պապոյան

3 րոպեի ընթերցում

Ինտենսիվ գյուղատնտեսության համար ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նշված բոլոր ցուցանիշներն անցած տարի կատարվել են․ Պապոյան

Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշները, առանց բացառության, որոնք սահմանված են եղել ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, անցած տարվա արդյունքում կատարված են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում ցուցանիշները կրկնակի և եռակի գերազանցում են նախանշվածը։

«Օրինակ՝ նախանշված է եղել յուրաքանչյուր տարի 1000 հա ինտենսիվ այգու հիմնում, 4,5 տարում՝ 4,516 հա։ Ցուցանիշը դրված է՝ կատարված է։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։ Ոռոգման արդիական համակարգերի տեխնոլոգիաներով 2021-2026 թթ․ պետք է ավելանային 3 հազար հա-ով։ 2025 դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7 հազար հեկտարով ավելացել է, այսինքն, այս պահի դրությամբ գրեթե 2,5 անգամ ավելի։ Ջերմատնային տնտեսություններ՝ տարին մինչև 10 հա, 4,5 տարում ենթադրվում էր, որ պետք է հիմնվեր մոտ 45 հա, մինչդեռ արդեն հիմնվել է մոտ 80 հա, այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ»,-նշել է նա։

Պապոյանի խոսքով՝ կառավարության թիրախային ցուցանիշից կրկնակի ավելին է կատարվել նաև լիզինգային ծրագրով գյուղտեխնիկայի ձեռքբերումը, որը տարեկան նախատեսված  500-ի փոխարեն արդեն կազմում է 3969։

Նախանշված ցուցանիշը եռակի գերազանցել է ագրոմշակման սարքավորումների թիվը․ 4,5 տարում մոտ 1100-ի փոխարեն արդեն ձեռք է բերվել 2832-ը։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ կառավարության ներդրումները գյուղատնտեսության ոլորտում շարունակաբար ավելանում են։ Մասնավորապես՝ եթե 2021 թվականին այն 25 միլիարդ դրամ է կազմել, ապա ներկայում այն կազմում է 42 միլիարդ դրամ։ Նրա դիտարկմամբ՝ ներդրումները 2021-ի նկատմամբ կրկնապատկվել են, իսկ 2018-ին նախորդած ժամանակահատվածի համեմատ եռապատկվել, քառապատկվել և այդպես շարունակ։

Օրինակ՝ 2017 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջեն կազմել է 11,9 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ 95 տոկոս, ապա 2025 թվականին այն կազմել է 76,8 միլիարդ դրամ, իսկ  կատարողականը՝ 97,2 տոկոս։

Պապոյանը, որպես ինտենսիվ գյուղատնտեսության եկամտաբերության վկայություն, ընդգծել է ոլորտին տրամադրված վարկերի ծավալը, որը 2021-ին կազմել է 257 միլիարդ դրամ, իսկ ներկայում հասել է 380 միլիարդի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում