Սուրեն Պապիկյանը հերքում է պնդումները, թե բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվել է
2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվում է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ավելի վաղ հրապարակված իր հրամանին, որի համաձայն փոխվում է բանակում հոգևոր ծառայության բնույթը։
«Տեղի է ունեցել հետևյալը. պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այսինքն, այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն։ Բանակում հոգևոր ծառայությունը կարող է շարունակվել, պարզապես նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- մանրամասնել է Պապիկյանը։
Հարցին, թե ինչո՞վ էր խանգարում բանակում հոգևոր ծառայություն իրականացնողների ենթարկվելը Մայր Աթոռին, Սուրեն Պապիկյանը պատասխանեց.
«Մի բան կարող եմ ասել՝ Ձեր հարցին ի պատասխան։ Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»։
Պապիկյանը նաև հայտնել է, որ իր նոր հրամանով նաև հնարավորություն է ստեղծվում, որպեսզի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր կնքի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը։