Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, վերջերս մեկնարկած քաղաքական և անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերություններում ձևավորված դինամիկան և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա։

Արայիկ Հարությունյանն անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք նախատեսված են անցկացնել Երևանում 2026 թվականի մայիսի 3-4-ին։

Նշվել է, որ այս բարձր մակարդակի միջոցառումներն արտացոլում են Հայաստանի և Եվրոպական միության միջև աճող փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում