WeChat Pay-ի օգտատերերը կկարողանան Հայաստանում վճարումներ կատարել Իդրամ QR-ի միջոցով
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամն ու չինական WeChat Pay-ը՝ նույն Weixin Pay-ը, ազդարարում են նոր համագործակցության մեկնարկը. շուտով Չինաստանից ժամանող այցելուները՝ WeChat Pay-ի օգտատերերը, կկարողանան Հայաստանում կատարել պարզ, արագ ու հարմարավետ վճարումներ Իդրամ QR-ի միջոցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագործակցությունը հաստատվեց Երևանում հունվարի 29-ին կայացած հանդիսավոր միջոցառմամբ:
«Սա Իդրամի համար պարզապես նոր ծառայության գործարկում չէ, սա հերթական ռազմավարական քայլն է, որը ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է զարգանում թե՛ մեր ընկերությունը, թե՛ Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգն ընդհանուր առմամբ: WeChat Pay-ի օգտատերերը այս համագործակցությամբ շուտով հնարավորություն կունենան Հայաստանում վճարումներ կատարել Իդրամ QR-ի միջոցով ավելի քան 26 հազար վաճառակետերում՝ պարզապես սքանավորելով Իդրամ QR-ը իրենց WeChat հավելվածով: Սա հատկապես կարևոր է Չինաստանից ժամանող այցելուների համար, որոնց համար թվային և QR վճարումներն առօրյա կյանքի անբաժան մաս են: Հիմա նրանք Հայաստանում կվճարեն այնպես, ինչպես իրենց տանը՝ արագ, հարմար և ապահով»,-ասաց Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ Հայաստանի վաճառակետերը կկարողանան սպասարկել միջազգային հաճախորդներին նույնքան հեշտ, որքան տեղացիներին:

Այս քայլով Իդրամը ոչ միայն բարձրացնում է զբոսաշրջիկների վճարային հարմարավետությունը, այլ նաև աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զբոսաշրջության սպասարկման և առևտրի ոլորտներին:
Իդրամի QR համակարգին արդեն միացել են 7 տեղական գործընկերներ, միջազգային համագործակցության շրջանակն էլ ընդլայնվում է:
WeChat Pay-ի Մերձավոր Արևելքի գործընկերությունների և բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգն ընդգծեց՝ ամեն անգամ Հայաստան գալիս շատ է զարմանում բջջային վճարումների ոլորտի արագ զարգացումից։
«Այս համագործակցությունը շատ կարևոր է WeChat Pay-ի համար, քանի որ Հայաստանը կովկասյան տարածաշրջանում առաջին երկիրն է, որ պաշտոնապես աջակցում է WeChat Pay-ին: Բացի այդ, այն շատ կարևոր է WeChat Pay-ի գլոբալ ընդլայնման համար։ Սա նաև ազդակ է Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու իր բաց լինելը թվայնացման և միջազգային զբոսաշրջության համար։ Համագործակցության համաձայն՝ այսուհետ, չինացի ճանապարհորդները Հայաստան այցելելիս կարող են օգտագործել իրենց WeChat Pay-ը՝ Իդրամ QR կոդը սքանավորելու համար և կարող են սահուն կերպով վճարումներ կատարել Հայաստանի ավելի քան 26 հազար վաճառակետերում։ Սա հիանալի է»,-ասաց Ալեքս Դենգը:

WeChat Pay-ը Չինաստանում ունի ավելի քան 1.4 միլիարդ ակտիվ օգտատեր։ WeChat Pay-ը կիրառելի է աշխարհի ավելի քան 6 միլիոն վաճառողների կողմից՝ 77 երկրում:
Ալեքս Դենգը կարծում է՝ այս համագործակցության շնորհիվ Հայաստանը կդառնա հաջորդ արագ զարգացող երկիրը չինացի ճանապարհորդների համար: «Մենք նաև կխթանենք Հայաստանը՝ որպես գեղեցիկ ուղղություն, կտեղեկացնենք ճամփորդողներին, որ նրանք կարող են գալ Հայաստան՝ այստեղ կատարելով սահուն վճարումներ այնպես, ինչպես կատարում են Չինաստանում»,-նշեց նա:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց՝ 2024 թվականի համեմատ 2025-ին Հայաստանում գրանցվել է չինացի զբոսաշրջիկների այցելությունների մոտ 37 տոկոս աճ, ինչն աննախադեպ ու պատմական թիվ է ՀՀ պատմության մեջ Չինաստանից զբոսաշրջիկների այցելությունների առումով:

Կոմիտեի նախագահը նկատեց՝ զբոսաշրջիկի՝ դեպի տվյալ երկիր ճամփորդելու որոշման վրա ուղիղ ազդեցություն ունի ուղիղ ավիաչվերթի առկայությունն ու իրեն հարմար վճարումներ կատարելու հնարավորությունը: Եվ այս նոր թվային գործիքը այն գործիքն է, որին երկար սպասել են:
ID Group-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ ընդգծեց՝ փորձել են ավելացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների հարմարավետությունը՝ դրանով խթանելով Հայաստան այցելելու ցանկությունը:
«ID Group-ը միշտ փորձում է ոչ միայն լուծել լոկալ բիզնես խնդիրներ, այլ նաև անել ծրագրեր հայրենիքի համար, որպեսզի օգնի և՛ տեղի բիզնեսներին դուրս գալ լայն շուկաներ և սպառողներ ձեռք բերել»,-նշեց Նալբանդյանը՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով Կառավարությանը, Կենտրոնական բանկին:
Իդրամի էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը WeChat Pay-ի և Իդրամի համագործակցությունը չափազանց կարևոր առաջընթաց համարեց ՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ֆինանսական համակարգի շարունակական զարգացման տեսանկյունից:
«Սա շատ կարևոր քայլ է երկու երկրների տնտեսական կամուրջների զարգացման տեսանկյունից, որովհետև միջազգային վճարային ենթակառուցվածքը կապում ենք տեղական վճարային ենթակառուցվածքի հետ, -ասաց Ղուկասյանը:
Իդրամում հույս ունեն, որ այս համագործակցությունը խթանելու է Հայաստանի տնտեսության զարգացումը, նպաստելու է անկանխիկի շրջանառության ակտիվացմանը:
Իդրամի և WeChat Pay-ի համագործակցությունը սրանով չի սահմանափակվում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ փուլով Idram&IDBank հավելվածի օգտատերերը նույնպես հնարավորություն կունենան վճարումներ կատարել Չինաստանում WeChat QR-ի միջոցով: Այս զարգացումները միասին ստեղծում են գլոբալ մակարդակով, երկկողմանի կապերով QR վճարային էկոհամակարգ, ինչի արդյունքում Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային թվային վճարային դաշտի ակտիվ մասնակից: