Քաղաքականություն

Միրզոյանը ԵԽԽՎ-ում հույս է հայտնել Բաքվում պահվող մնացած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

Միրզոյանը ԵԽԽՎ-ում հույս է հայտնել Բաքվում պահվող մնացած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում նշել է, որ Բաքվում դեռևս պահվող 19 գերիների ազատ արձակումը նշանակալի ներդրում կլիներ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում Արարատ Միրզոյանը խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի և ընթացող զարգացումների շուրջ։

ԱԳ նախարարը շեշտել է, որ թեև վերջին տարիներին Հայաստանը ցավալի փորձությունների է ենթարկվել, այդ թվում՝ պատերազմի և դրան հաջորդած մարդասիրական հետևանքների, կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն՝ ձեռնարկվելով վճռական քայլեր, որոնք թույլ են տվել Հարավային Կովկասին շարժման դեպի խաղաղություն։

Միրզոյանը նշել է, որ, մասնավորապես, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ, որտեղ ԱՄՆ նախագահը որպես վկա էր։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ միասին մենք նախաստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ սահմանելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները՝ որպես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության անխախտելի հիմքեր»,-ասել է ԱԳ նախարարը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի համար սա հանդիսավոր խոստում է տասնամյակներ տևած հակամարտությունից տուժած իր քաղաքացիներին։

«Վերջերս, Ադրբեջանից 4 հայ գերիների ազատ արձակումը մեզ հույս է տալիս, որ Ադրբեջանում դեռևս պահվող մնացած 19 անձանց ազատ արձակումը, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և այդ ուղղությամբ համագործակցությունը ևս անկասկած նշանակալի ներդրում կունենան հաշտեցման գործում»,-ընդգծել է Միրզոյանը։

ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ խաղաղությունը, ինչպես նաև ժողովրդավարությունը չի կարող լինել հենց այնպես տրված մի բան․ այն պետք է անընդհատ սնուցել, պաշտպանել, նորոգել, թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումներից։

«Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրոպայի խորհրդի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Գնահատում ենք ԵԽ գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ նախագահի և այս վեհաժողովի անսասան նվիրվածությունը՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը և շնորհակալ ենք, որ մեզ հետ եք կանգնած այս կայուն ու բարգավաճ ապագա տանող այս պատմական ճանապարհին մեզ հետ լինելու համար»,-հայտարարել է Միրզոյանը։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանը մինչ այդ պաշտոնապես հաստատել էր իր մոտ 23 հայ գերու առկայությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում