Փաստաբանը Բաքվում պահվող հայերին վերադարձնելու գործում կարևորում է քաղհասարակության և իշխանության համագործակցված աշխատանքը
2 րոպեի ընթերցում

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հարցի լուծման գործում մեծ կարևորություն է հատկացնում քաղաքացիական հասարակության ինստիտուտների աշխատանքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիրանուշ Սահակյանն այս մասին նշել է հունվարի 17-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։
Փաստաբանի խոսքով՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտները գործում են և անփոխարինելի դեր են կատարում՝ միջազգային գործընկերներին իրազեկելով իրավիճակի, խնդիրների և հարցի լուծման հրատապության վերաբերյալ, սակայն, Սահակյանի դիտարկմամբ, գերիների վերադարձն ունի քաղաքական տարր։
«Յուրաքանչյուր վերադարձի հետևում կան բանակցություններ, պայմանավորվածություններ, ուստի իմ գնահատմամբ՝ վերադարձը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ․ առանց նրանց ներգրավման, առանց բանակցային գործընթացի մենք ուղղակի հարցը կտանենք փակուղի, դրա համար լավագույն մոդելը փոխհամագործակցված կերպով գործելն է։ Հանրային իշխանությունը պետք է պահանջատեր լինի, որպեսզի բանակցություններով օր առաջ լուծում ստանա այդ խնդիրը, իսկ քաղաքացիական հասարակության ինստիտուտը պետք է ճիշտ միջավայր ձևավորի և, միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով, լրացուցիչ ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցն իր լուծումը ստանա»,-ասաց Սահակյանը։
Նրա բնորոշմամբ՝ փոխգործակցությունը լավագույն մոդելն է, որի շնորհիվ հնարավոր է և կարելի է համատեղ ջանքերով ապահովել Բաքվում պահվող մնացած հայ գերիների վերադարձը։