Սամվել Կարապետյանը կրկին կկալանավորվի
1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից՝ նշելով, որ դատարանի նոր որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Ավելի վաղ դատարանը մասնակիորեն բավարարել էր «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։