Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը
1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը՝ նրան թողնելով կալանքի տակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ բողոքը մերժվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ Վաչե Մարգարյանի նախագահությամբ։
Ավելի վաղ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա 2018 թվականին կաթողիկոսի դեմ իրականացված ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկում իր ծառայակիցներից մեկի միջոցով թմրամիջոց է տեղադրել՝ վերջինիս վարկաբեկելու նպատակով։
Իր հերթին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու՝ հանդիսադիր վայրում կատարելու հատկանիշներով։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։