2 րոպեի ընթերցում
Շվեյցարիան սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավորների ակտիվները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:
«2026 թվականի հունվարի 5-ին Դաշնային խորհուրդը որոշեց անհապաղ սառեցնել Նիկոլաս Մադուրոյի և նրա հետ կապված անձանց Շվեյցարիայում գտնվող բոլոր ակտիվները»,- նշված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Դաշնային խորհուրդը դրանով ձգտում է կանխել ակտիվների յուրացումը:
Ըստ աղբյուրի՝ ակտիվների սառեցումը չի վերաբերում Վենեսուելայի ներկայիս կառավարության անդամներին։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։
Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։
Մադուրոն և նրա կինը մեղադրվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորում ղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ կոկաինի ներմուծման և զենքի հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքներ են առաջադրել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որն այս պահին ազատության մեջ է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։