Քաղաքականություն

Խաղաղությունն ավելի մոտ, քան երբևէ. «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող տարվա արտաքին քաղաքական անցուդարձն ու ձեռքբերումները

28 րոպեի ընթերցում

Խաղաղությունն ավելի մոտ, քան երբևէ. «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող տարվա արտաքին քաղաքական անցուդարձն ու ձեռքբերումները

Հայաստանի Հանրապետության համար 2025 թվականը, թերևս, կարելի է համարել պատմական ու պետականության հարատևության ապահովման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող տարի․ անցնող տարում տեղի ունեցան իրադարձություներ, որոնք ավելի կանխատեսելի և դրական ապագա կարող են ապահովել Հայաստանի համար։ Այսուհանդերձ, երկրի արտաքին քաղաքական կյանքը չի կարելի բնութագրել որպես ամբողջովին հարթ և միայն դրական զարգացումներով հագեցած։ Եթե 2024 թվականի ավարտին, օրինակ, խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված անվերջանալի թվացող բանակցություններից, ապա ընթացող տարին ամփոփելիս կարող ենք արձանագրել, որ երկու երկրների միջև արդեն իսկ կա նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, և այդ խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ։ Իհարկե, Հայաստանի համար այս տարին չի սահմանափակվում միայն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացով, բայց, անշուշտ, այդ պատմական իրադարձությունն առանձնանում է ամբողջի շարքում։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը փորձել է առանձնացրել և ընթերցողին ներկայացնել ՀՀ-ի արտաքին քաղաքական անցուդարձին վերաբերող բոլոր նշանակալի իրադարձություններն ու զարգացումները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համատեքստում։

Մինչ տարվա կարևորագույն իրադարձությունների ու զարգացումները թվարկելը, անհրաժեշտ է ընդգծել, որ 2025 թվականը Հայաստանի համար հատկանշական կարելի է համարել նաև տարբեր երկրների հետ ռազմավարական գործընկերության հաստատման առումով։

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրում

Անցնող տարվա սկիզբը ՀՀ-ի համար նշանակալի դարձավ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդող պատմական փաստաթղթի ստորագրմամբ․ այն տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարությունում հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև կայացած հանդիպման արդյունքներով։ Փաստաթուղթն ընդգրկում էր երկկողմ գործընկերության սկզբունքները, տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտները, համագործակցության խորացումը ժողովրդավարության և արդարադատության բնագավառներում, ինչպես նաև մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը

Երևանն ու Բաքուն 2025 թվականին ևս շարունակեցին միջպետական սահմանի սահմանազատման շուրջ հանդիպումները․ ՀՀ-ի և ԱՀ-ի սահմանին տեղի ունեցավ երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Հանդիպման արդյունքներով՝ կողմերը համաձայնության եկան սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա

Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին առանձնազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Հարկ է նշել, որ այս այցը նպատակ ուներ ինչ-որ առումներով նոր ու թարմ շունչ հաղորդել երկկողմ հարաբերություններին։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-24-ին մեկնեց Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Այցի շրջանակում վարչապետը մասնակցեց պանելային քննարկման և երկկողմ հանդիպումներ ունեցավ միջազգային գործընկերների հետ: Դավոսում վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությունը՝ փորձելով բալանսավորել ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ։ Փաշինյանը հանդիպեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցը Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանեց Երևան, որտեղ նախ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կայացավ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այս հանդիպմանը զուգընթաց, Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին էլ այցի ընթացքում հանդիպում ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ԱՄՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով մեկնեց Միացյալ Նահանգներ։ Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում մասնակցեց 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Ի թիվս մի շարք կարևոր հանդիպումների, դրանցում, իհարկե, առանձնացավ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում՝ մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Բնականաբար, վարչապետը հանդիպեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելու երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների բնույթը։ Վարչապետը Ելիսեյան պալատում ներկա գտնվեց նաև Մակրոնի անունից մատուցված պաշտոնական ընթրիքին, որի ընթացքում Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ ունեցավ գործընկերների հետ։

Մյունխենի անվտանգության համաժողով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնեց Մյունխեն՝ հերթական անգամ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Փաշինյանը  մի շարք հանդիպումներ ունեցավ արտերկրի գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։

Հայաստանի ԱԳ նախարարի այցը Հնդկաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կատարեց Հնդկաստան, որտեղ մասնակցեց Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդին։ Նախարարը Դելիում հանդիպում ունեցավ նաև իր հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Հայաստանի և Նիդեռլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրում

Ինչպես արդեն նշել էինք, Հայաստանի համար 2025 թվականը նշանավորվեց մի շարք պետությունների հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ․ այս անգամ նմանատիպ փաստաթուղթ ստորագրվեց Երևանում՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի միջև։ Վերջինս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր հոդվածների շուրջ համաձայնություն

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 13-ին հանդես եկավ մի շատ կարևոր և սպասված իրադարձության մասին հայտարարությամբ․ արտաքին գերատեսչությունը հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է, որ Երևանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ։ Սույնով ընդգծվեց համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ ՀՀ-ն պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Վրաստանի վարչապետի երկրորդ այցը Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 20-ին աշխատանքային այցով ժամանեց Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Կոբախիձեն Երևան էր ժամանել ՀՀ վարչապետի հրավերով՝  ներկա գտնվելու Հայաստան-Վրաստան ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցը Վրաստան

Վրաստանի վարչապետի՝ Երևան կատարած այցից օրեր անց պատասխան այցով Թբիլիսի մեկնեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ներկա գտնվելու Հայաստան-Վրաստան ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որտեղ հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացավ երկու նախարարների համատեղ ասուլիսը, ինչպես նաև ԻԻՀ ԱԳ նախարարի «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Աբբաս Արաղչին հյուրընկալվեց նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից։

Գերմանիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Մարտի վերջին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Նա նախ հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, այնուհետ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 11-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում ակցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպեց ինչպես Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա՝ ներկա գտնվելու մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնեց Ալբանիա՝ Տիրանա, որտեղ մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Գերմանիայի արդեն նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և այլոց հետ։ Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը Տիրանայում հանդիպում ունեցավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ևս մասնակցում էր գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքայի այցը Հայաստան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին աշխատանքային այցով ժամանեց Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան հյուրընկալեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Ստորագրվեց ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։ Այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարին ընդունեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնած «Երևանյան երկխոսություն 2025»-ը

Երևանում 2025 թվականի մայիսի 25-30-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց միջազգային համաժողով, որին մասնակցություն ունեցան բազմաթիվ օտարերկրյա պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն և այլք։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Չինաստան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին այց կատարեց Պեկին, որտեղ հանդիպում ունեցավ Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Ինչ խոսք, այցը բավականին կարևոր նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար։

ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի այցը Հայաստան

Երևանում հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Երևան կատարած այցի ընթացքում Կայա Կալասին ընդունեց նաև ՀՀ վարչապետը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այցը Երևան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-ին այցելեց Հայաստան։ Այցի ընթացքում նրան ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կազմակերպության հետ համագործակցության դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։

ՀՀ վարչապետի այցը Թուրքիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա, որի ընթացքում Ստամբուլում հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցը կարևոր էր հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկխոսությունն ակտիվ պահելու առումով։ Կայացած հանդիպմանը երկրների ղեկավարները վերահաստատեցին պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, հուլիսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, որտեղ եռակողմ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Փաշինյանը հանդիպեց նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։

Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Ընթացիկ տարվա ամենահատկանշական և կարևորագույն իրադարձությունը, թերևս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցն էր, որի շրջանակներում նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրվեց համատեղ հռչակագիր։ Հարկ է նշել, որ Սպիտակ տանը տեղի ունեցավ նաև Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի արդյունքներով կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Այն ընդգրկում էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացումը, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերությունը։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը՝ բաղկացած 17 հոդվածից։

Իրանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 19-ին այցելեց Հայաստան։ Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներով ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ միտված տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը, երկու առաջնորդները նաև հայտարարեցին, որ պատրաստվում են Արաքս գետի վրա երկրորդ կամուրջ կառուցել։

Հայաստանի վարչապետի այցը Չինաստան, Երևանի ու Պեկինի ռազմավարական գործընկերության հաստատում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին աշխատանքային այցով մեկնեց Չինաստան։ Այցի ընթացքում վարչապետը հանդիպեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին՝ ընդունելով համատեղ հայտարարություն: ՀՀ վարչապետը նաև մասնակցեց ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Այս այցը բավական հագեցած էր, քանի որ ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետը նաև ներկա գտնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։

Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վեցերորդ հանդիպումը

Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում սեպտեմբերի 12-ին անցկացրին իրենց վեցերորդ հանդիպումը՝ վերահաստատելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակել առանց նախապայմանների։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումը

Մոսկվայում՝ Կրեմլում, սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27 աշխատանքային այցով գտնվեց ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթով հանդես գալու ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Փաշինյան-Ալիև հանդիպում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով մեկնեց Դանիա՝ Կոպենհագենում մասնակցու Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Վարչապետն այս այցի ընթացքում ևս մի շարք հանդիպումներ ունեցավ միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ կառույցների ղեկավարների հետ։

Խաղաղության գագաթնաժողովը Եգիպտոսում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնեց Եգիպտոս։ Վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցեց Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ ունեցավ տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Արք. Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը Վատիկանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, հոկտեմբերի 19-ին մասնակցեց Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությանը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

«Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովը Թբիլիսիում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնեց Վրաստան՝ մասնակցելու և ելույթ ունենալու «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։

Փարիզի խաղաղության 8-րդ համաժողով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով գտնվեց Ֆրանսիայում։ Վարչապետը մասնակցեց Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կայացավ նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետն ունեցավ մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։

Վարչապետ Փաշինյանի պատմական այցը Ղազախստան

2025 թվականը պատմական նշանակություն ունեցավ Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման ու խորացման առումով․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով մեկնեց Ղազախստան: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այցը պատմական էր այն տեսանկյունից, որ երկու երկրների առաջնորդները երկկողմ հարաբերությունները բարձրացրին ռազմավարական մակարդակի։ Երկրների առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարությունը և մի շարք այլ փաստաթղթեր։ Ղազախստանի նախագահը ՀՀ վարչապետին պարգևատրեց իր երկրի պետական բարձրագույն պարգևով։

«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ»-ի ստորագրում

Ընթացիկ տարում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մակարդակն էլ ավելի բարձրացավ, ինչն արտացոլված էր նաև փաստաթղթային-իրավական ուժով։ Այսպես, դեկտեմբերի 2-ին Հայաստանն ու Եվրոպական միությունը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրակարգը՝ հարաբերությունների մակարդակը բարձրացնելով ռազմավարականի։ ԵՄ ԱԳԱՔ ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ Բրյուսելը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության և դիմակայունության ամրապնդմանը: Եվս 5 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Հայտնի դարձավ նաև այն, որ Երևանում 2026 թվականի մայիսի 5-ին կանցկացվի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Երևան կժամանեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով մեկնեց Գերմանիա, որտեղ հանդիպումներ ունեցավ ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Վերջինիս հետ հանդիպման արդյունքներով՝ Հայաստանն ու Գերմանիան ստորագրեցին ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկերություն են հաստատում

Լյուքսեմբուրգում դեկտեմբերի 16-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ: Հանդիպման արդյունքներով տեղի ունեցավ ընթացիկ տարվա հերթական ռազմավարական գործընկերության հաստատումն՝ այս անգամ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև։

Վարչապետի տարեվերջյան այցը Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով ժամանեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այցի շրջանակներում կայացավ նաև Հայաստանի վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հանդիպում։

Դրական զարգացում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում

ՀՀ ԱԳ նախարարությունը դեկտեմբերի 29-ին հայտարարություն տարածեց, որ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանը 2025 թվականին նոր ռեզիդենտ դեսպանություններ է հիմնել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում, իսկ Երևանում հիմնվել է Հունգարիայի ռեզիդենտ դեսպանությունը։ Անցնող տարում Հայաստանը շարունակել է ընդլայնել նաև դիվանագիտական կապերը: Ինչպես արդեն նշել էինք, Երևանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պակիստանի, ինպես նաև Սողոմոնի Կղզիների և Լեսոթոյի հետ․ այսպիսով, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ընդհանուր թվով 186 երկրի հետ։

2025 թվականը Հայաստանի արտաքին քաղաքական անցուդարձի և իրադարձությունների տեսանկյունից չափազանց հագեցած և ձեռքբերումներով լի տարի կարելի է համարել։ Հարկ է ընդգծել, որ տվյալ ամփոփագրում առանձնացված են միայն կարևորագույն իրադարձություններն ու զարգացումները տեղի են ունեցել շատ ու շատ այլ գործընթացներ, հանդիպումներ, այցելություններ, փոխայցեր, որոնք ևս իրենց ուրույն տեղն են ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում։ Առանձնացնելով անցնող տարվա կարևորագույն զարգացումներն ու գործընթացները՝ միանշանակ և աներկբա կարելի է արձանագրել, որ գալիք 2026-ը ևս խոստանում է լինել հագեցած ու նշանակալի՝ լի հետաքրքիր ու Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի միջազգային դերի ու հեղինակության բարձրացման համար ոչ պակաս կարևոր տարի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում