Աշխարհ

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին զրկել են բոլոր պետական ​​պարգևներից

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին զրկել են բոլոր պետական ​​պարգևներից

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևին զրկել է բոլոր պետական ​​պարգևներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011 - 2017 թվականներին, ինչից հետո պաշտոնապես ակտիվ մասնակցություն չի ունեցել Ղրղզստանի քաղաքականությանը։ 2019 թվականի օգոստոսի 8-ին նա ձերբակալվել է Չույի մարզի Կոյ Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ տարբեր քրեական գործերով։ Այդ մեղադրանքներից մի քանիսով նա արդարացվել է, մյուսներով՝ դատապարտվել  բանտարկության։ Աթամբաևն ընդհանուր առմամբ ազատազրկման վայրերում է անցկացրել ավելի քան երեք տարի, ապա ազատ է արձակվել և գրեթե անմիջապես հեռացել հանրապետության սահմաններից։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ բուժման համար մեկնել է Իսպանիա, որտեղ մնում մինչ օրս։

Այս տարվա հունիսին Ղրղզստանի նախկին նախագահին հեռակա դատապարտել են 11,5 տարվա բանտարկության։ Այս անգամ Աթամբաևը մեղավոր է ճանաչվել Չույի մարզի Կոյ Տաշ գյուղում հողամասեր անօրինական կերպով ձեռք բերելու, ինչպես նաև Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում կոռուպցիայի և 2019 թվականի օգոստոսի 7-8-ը Կոյ Տաշում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դատարանի որոշմամբ՝ պետք է նաև բռնագանձվի նախկին նախագահի ունեցվածքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում