ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեցին վերանորոգված և կահավորված լսարանները
6 րոպեի ընթերցում

Քայլ դեպի ապագայի միջավայր. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեցին վերանորոգված և կահավորված լսարանները։ Լսարանների բացման արարողությանը հաջորդեց «GeoLab. ապագայի միջավայր» խորագրով միջոցառումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համատեղ ջանքերով և նվիրված է երկու կառույցների միջև հաստատված համագործակցության մեկամյակին:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը շնորհավորեց, շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ սա ընդամենը մեկ տարվա համագործակցության արդյունք է:

«Ուղիղ մեկ տարի առաջ Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի հետ ընդամենը մի քանի հանդիպումների ընթացքում ձևավորվեց գաղափար՝ ստեղծել մի միջավայր, որտեղ ուսանողները կստանան ավելի որակյալ կրթություն, որտեղ ստացած լաբորատոր գործնական աշխատանքների միջոցով կփորձենք ուսանողներին տալ ավելի պրակտիկ հմտություններ:
Վերանորոգվել է 7-8 լսարան և լաբորատորիա, գնվել են լիցենզավորված կրթական ծրագրեր, որոնք արդեն ներդրված են ֆակուլտետի կրթական ծրագրերի մեջ։ Դրվել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցի սկիզբը, որը սովետական տարիներին գործում էր շատ ակտիվ: Ներդրումները գերազանցել են 100 միլիոն դրամը: Շատ կարևոր է, որ այսօր արդեն մեր գործընկերները գիտակցում են և հասկանում են, որ ներդրումը կրթական հաստատություններում շատ առանցքային և կարևոր է»,- ասաց դեկանը:
Նա նշեց նաև, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատի 43 աշխատակիցներ այս պահին ֆակուլտետի շրջանավարտներ են։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության համար Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի։

«Բնապահպանական քաղաքականությունն այսօր չի կարող արդյունավետ լինել առանց գիտական հենքի, նորարարական մոտեցումների և ուժեղ մասնագիտական դպրոցի։ Հետևաբար, մեզ համար սկզբունքային է՝ աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կրթությունը դարձնում են առավել կիրառական, իսկ գիտությունը՝ առավել օգտակար պետական կառավարման և հանրային անվտանգության համար։
Այս համատեքստում առանձնահատուկ ուզում եմ ընդգծել ամիսներ առաջ բացված ջրաօդերևութաբանության լաբորատորիան՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում։ Սա պարզապես նոր ենթակառուցվածք չէ․ սա ներդրում էր տվյալահեն որոշումների մշակույթի մեջ։ Երբ ապագա մասնագետը դեռ համալսարանում սովորում է աշխատել չափումների, դիտարկումների, տվյալների վերլուծության և մոդելավորման հետ, նա վաղը կարողանում է նույն վստահությամբ ծառայել պետությանը, շրջակա միջավայրին և տնտեսությանը»,- ընդգծեց նախարարը:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԵՊՀ-Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցությունը՝ նշելով, որ այն նոր և կարևոր շեմ է սահմանում կրթության և մասնավոր հատվածի փոխգործակցության մեջ։

Նրա խոսքով՝ համալսարանի ակնկալիքները սկզբում համեստ էին, սակայն արդյունքում ամբողջ մի հարկաբաժին վերանորոգվել է՝ հագեցած նոր լսարաններով և ժամանակակից տեխնոլոգիաներով։
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծված միջավայրը պարզապես շենքային փոփոխություն չէ, այլ ԵՊՀ կրթական գործընթացի վերափոխման տեսլականի կարևոր բաղադրիչ։ Ռեկտորի խոսքով՝ այն ծրագրերը, որոնք արդեն ներկայացվել են, ներառվել են ուսումնական գործընթացում, և ուսանողները հնարավորություն կունենան նոր պայմաններում ստանալ նոր որակի ու նոր մակարդակի կրթություն։
«Նոր միջավայրը նաև հնարավորություն կտա կազմակերպել վերապատրաստումներ պետական և մասնավոր գործընկերների համար։ Մենք դա արդեն անում ենք, բայց այժմ՝ նոր միջավայրում և նոր մոտեցումներով»,- ընդգծեց նա։
Խոսելով ֆակուլտետի զարգացման մասին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին պետական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ հետևողական համագործակցության արդյունքում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում նկատվում է զգալի առաջընթաց։ Դիմորդների թվի աճը, նրա խոսքով, թույլ է տվել այս տարի խուսափել թափուր տեղերից և ընդունել բարձր պատրաստվածությամբ ուսանողների։
«Կարևոր է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը նաև գործնական տեսանկյունից, քանի որ ուսանողները հնարավորություն են ստացել իրենց պրակտիկան անցկացնել ընկերություններում։ Մասնավորապես, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, նրա խոսքով, ամբողջությամբ իր վրա է վերցնում ուսանողների հետ կապված ծախսերը՝ միաժամանակ փոխանցելով արժեքավոր մասնագիտական գիտելիքներ»,- ասաց Հովհաննիսյանը: