Թումոյի տնօրենների խորհրդին է միացել «NVIDIA»-ում «Omniverse»-ի և «Simulation Technology»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը
4 րոպեի ընթերցում
Թումո հիմնադրամի տնօրենների խորհրդին է միացել «NVIDIA»-ում «Omniverse»-ի և «Simulation Technology»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Ռև Լեբարեդեանը 2018 թվականից Թումոյի խորհրդի ակտիվ անդամ էր։ Նա նշանակալի դեր է ունեցել տեխնոլոգիայի, ռազմավարության և կրթական բովանդակության մշակման հարցում՝ առաջնորդելով գործադիր թիմին։
«Միանալով տնօրենների խորհրդին՝ նա խորացնում է իր հանձնառությունը Թումոյի նպատակասլաց ընդլայնման ճանապարհին և ստանձնում է կրթական ծրագրում և ուսումնառության կառավարման համակարգերում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման վերահսկումը։
Ռև Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի ոլորտում ունի ավելի քան երեք տասնամյակի փորձ՝ համադրելով արդյունաբերական, հետազոտական և տեխնոլոգիական առաջնորդությունը։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է «Warner Bros. Digital»-ում և «Disney Dream Quest Images»-ում, իսկ հետագայում հիմնել է սեփական ընկերությունը՝ «Steamboat Software»-ը։
2002 թվականից նա միացել է «NVIDIA»-ին, որտեղ զբաղվել է նոր տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների զարգացման աշխատանքներով։ Այսօր նա ղեկավարում է «NVIDIA Omniverse»-ի թիմերը՝ ծրագրային, ինժեներական և հետազոտական ուղղություններով։
Վիզուալ էֆեկտների առաջատար ստուդիաներն օգտագործել են նրա մշակած տեխնոլոգիաներն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Stuart Little»-ը և «X-Men 2»-ը։ 2023 թվականին նա իր կնոջ՝ Ռեյչըլ Լեբարեդեանի հետ հիմնել է «Rev and Rachel» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել կրթական և նորարարական ուղղվածությամբ բարեգործական նախաձեռնություններին»,– նշված է Թումոյի տարածած հաղորդագրության մեջ։
Ռև Լեբարեդեանի բնորոշմամբ՝ Թումոն բացառիկ երևույթ է, աշխարհում ոչ մի տեղ չկա նման բան
«Թումոն երիտասարդ սերնդին վաղ տարիքից պատրաստում է նոր աշխարհում ապրելուն, որտեղ նրանք կարող են ստեղծել տեխնոլոգիաներ և ստեղծագործել հաճույքով, ոչ թե զուտ ապրելու համար, անել մի բան սիրով և դրանով օգտակար լինել աշխարհին։ Ես տեսել եմ Թումո շրջանավարտների, որոնք պրակտիկա են անցնում «NVIDIA»-ում և հասկացել եմ, որ Թումոն, ըստ էության, ուղեղներ արտադրող «գործարան է», որոնցից «NVIDIA»-ի նման ընկերությունները միայն օգուտներ կքաղեն»,– ասել է նա։
Ռև Լեբարեդեանը Թումոյի տնօրենների խորհրդի վեցերորդ անդամն է՝ միանալով նախագահ Սեմ Սիմոնյանին, ինչպես նաև «Mozilla»-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Րաֆֆի Կրիկորյանին, «Figma»-ի հաղորդակցության գլխավոր տնօրեն Նաիրի Թաշչյան Հուրդաջյանին, «ServiceTitan»-ի համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանին և «KingsIsle»-ի հիմնադիր Էլի Աքիլյանին։
Թումոյի մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներ: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։