Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ
2 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց։ «Արմենպրես»–ն այս մասին տեղեկանում է հոգևորականի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունից։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս պահին անցնում է բժշկական հետազոտություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ հոգևորականն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել էր, որ արքեպիսկոպոսը պետք է համապատասխան դիմում ներկայացնի, որին ընթացք կտրվի։
«Քրեակատարողական բժշկական կենտրոն»-ը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։