4 րոպեի ընթերցում
Դեկտեմբերի 15–ի միջոցառումների անոնս
ՀՀ նախարարություններ
Ժամը 14:00-ին ՀՀ ԲՏԱ նախարարությունում ստորագրվելու է եռակողմ հուշագիր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության, ԿԳՄՍ նախարարության եւ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչական շենքում (Կորյունի 15) ԿԿՀ-ն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովին: Ողջույնի խոսք՝ հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյան: Աշխատաժողովը կազմակերպվել է նախապես իրականացրած կարիքների գնահատման արդյունքների հիման վրա։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, բարեվարքության համակարգի տարրերին, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործիքակազմերին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներ: Հեռ. (012) 777723:
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի ասուլիսը։ Թեմա. Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տարվա աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր։
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանի ասուլիսը։ Թեմա. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տարվա աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր։
Ժամը 13:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպի տեսքով: Նամականիշի մարման արարողությունը կիրականացնեն՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ՀԱՖ նվագախմբի ղեկավար Նորայր Նազարյանը, ՀԱՖ նվագախմբի գեղ.ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա առկա է նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Ժամը 18:30-ին «Մեգերյան կարպետ» ընկերությունում /Մադոյան 9/ կկայանա ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ինչպես նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը կներկայացնի տարվա ընթացքում իրականացված և գալիք տարում նախատեսվող աշխատանքները։ 099 411111: