Հասարակական

Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները սկիզբ են դնում միջազգային նոր համայնքի ձևավորմանը և ազդարարում միջոցառման մասին

4 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները հանդես են եկել բավականին հավակնոտ և հետաքրքիր նախաձեռնությամբ, որի նպատակն է արտասահմանյան հեղինակավոր համալսարանների հայ շրջանավարտների համայնքի հիմնումը։ Նախաձեռնությանը կարող են միանալ աշխարհի առաջատար համալսարանների մագիստրատուրայի, դոկտորական, ինչպես նաև միջազգային MBA, MPA, EMBA և այլ կառավարչական ծրագրերի շրջանավարտները։

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին նախաձեռնության հեղինակները, արտերկրի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների կենսունակ համայնքը կօգնի նրանց մշտապես կապ հաստատել միմյանց հետ, զարգանալ և նպաստել ավելի ուժեղ, դիմացկուն ու բարգավաճող Հայաստանի ստեղծմանը։ Ցանցի ստեղծումը միտված է հայկական կրթական ներուժի համախմբմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և գիտելիքահեն նախաձեռնությունների իրագործմանն՝ ի նպաստ Հայաստանի շարունակական զարգացման։

Շրջանավարտների նախաձեռնության մասին ազդարարող մեկնարկային միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, որտեղ առաջին անգամ մեկ հարկի տակ կհամախմբվեն համայնքի հիմնադիրները, անդամներն ու հյուրերը: Նախաձեռնությանը միացել է Ամերիաբանկը` որպես գլխավոր գործընկեր:

Աշխարհի առաջատար 12 համալսարանների շուրջ 50 շրջանավարտներ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը առաջիկա միջոցառմանը: Համալսարանների ցանկում են Օքսֆորդի, Ստենֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի համալսարանները, Լոնդոնի Իմփերիալ քոլեջը, Չիկագոյի, Կոլումբիայի, Էդինբուրգի և Մանչեսթերի համալսարանները, ինչպես նաև INSEAD-ը և Լոնդոնի բիզնես դպրոցը։ Միջոցառմանը կարող են մասնակցել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած հայ մասնագետները: Գրանցվել և հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով:

Մասնագիտական համայնքն, ըստ էության, ստեղծվում է փորձագիտական ​​գիտելիքների փոխանակման և ոլորտների ու տարածաշրջանների միջև վստահելի մասնագիտական ​​հարաբերություններ կառուցելու համար։ Այդ նպատակով էլ հիմնվելու են հաղորդակցության պարզ ձևաչափեր շրջանավարտների համայնքի անդամների համար։ Կազմակերպվելու են քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կկիսվեն մտքերով ու մտահղացումներով, հանդես կգան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներով և օրակարգերով։

Նախաձեռնության հեղինակները կարևորում են նաև մենթորային աշխատանքը՝ ցուցաբերելով ճկուն մոտեցումներ, կապելով սկսնակ տաղանդներին փորձառու առաջնորդների հետ, հիմնելով վստահելի ու հեռանկարային ծանոթություններ, որոնք կաջակցեն մասնագիտական կարիերայի հետագա աճին։  

Ծրագրի շրջանակում նախատեսվում է միջոցառումներն անցկացնել պարբերաբար հաճախականությամբ, որոնք վարելու են նախաձեռնության անդամները կամ հրավիրված փորձագետները՝ կենտրոնանալով համաշխարհային զարգացումների, հիմնական միտումների, նորարարության և Հայաստանի ռազմավարական շահերի վրա։

Վստահության, ընդհանուր հետաքրքրասիրությունների և ազգային ինքնության վրա կառուցված համայնքն, ըստ էության, լինելու է յուրատեսակ կամուրջ հայ մասնագետների համար ամբողջ աշխարհում՝ նրանց տալով փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման, համատեղ ձգտումներն իրականացնելու, ամենուր հայկական ներկայությունն ամրապնդելու բացառիկ հնարավորություն։ Գիտելիքներն ու փորձն օգտագործվելու են ի շահ և ի նպաստ Հայաստանի զարգացման։  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում