Աշխարհ

Թաիլանդի ռազմաօդային ուժերը մտադիր են ուժեղացնել սահմանամերձ շրջաններում կամբոջական զորքերի դիրքերի ռմբակոծությունը

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի ռազմաօդային ուժերը մտադիր են ուժեղացնել սահմանամերձ շրջաններում կամբոջական զորքերի դիրքերի ռմբակոծությունը

Թաիլանդի մարտական ​​ինքնաթիռները կընդլայնեն սահմանամերձ շրջաններում կամբոջական զորքերի դիրքերի ռմբակոծությունը՝ նրանց հրթիռահրետանային հարվածների ինտենսիվացման ֆոնին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Թաիլանդի Թագավորական ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջաքրիտ Թամվիչայը։

Նա ասել է, որ ռազմաօդային ուժերը կուժեղացնեն ավիահարվածները զարգացող իրադրությանը համապատասխան, և որ գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև Կամբոջան դադարեցնի Թաիլանդի ժողովրդի ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող գործողությունները։

Նրա խոսքով՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը կշարունակեն աջակցել բանակի և նավատորմի ցամաքային գործողություններին կամբոջական զորքերն այն դիրքերից դուրս մղելու համար, որտեղից  նրանք սպառնում են Թաիլանդին։ 

Ինչպես հաղորդել են Թաիլանդի զինվորականները, Թաիլանդի զինված ուժերն ակտիվորեն հարվածներ են հասցնում Կամբոջայի ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեղաբաշխման վայրերին։ 

Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտական բախումներ են սկսվել։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Թաիլանդն առաջինն է կրակ բացել։ Բանգկոկը հակառակն է պնդում։

Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում այս տարվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի խախտման մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում