«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. նոյեմբեր, 2025
8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Անի Մաղաքյանի «Տակնուվրա»-ն երկրորդ տեղում է։ Ոչինչ արտասովոր այստեղ չկա... Սա գիրք է աշխարհն իրենց վրա կրող, աշխարհը տակնուվրա անող մարդկանց մասին...
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Սարգիս Հովսեփյանի «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» գիրքը չորրորդն է։ 2022թ գարունն է: Երևանը վերածվել է բազմաթիվ ռուս փախստականների հանգրվանի: Հերոսուհին՝ Ֆրիդան հետազոտում է ստալինյան շրջանում բռնադատված կանանցից Ակսել Բակունցի կնոջ՝ Վարվառայի պատմությունը և հույս ունի, որ փախստականներից մեկը՝ Կիրիլը կօգնի իրեն այդ գործում, բայց ընթացքում պարզվում է, որ Կիրիլը բոլորովին այլ նպատակներով է Երևանում: Հետազոտության ընթացքում Ֆրիդան բացահայտում է նաև իր մռայլ ու քչախոս պապի՝ Վասպուրի պատմությունը՝ որը նույնպես անցել է ստալինյան ճամբարներով: Վասպուրի ոչ սովորական պատմությունը վեպում ներկայացված է առանձին սյուժետային գծով, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1953 թվականին: Ներկայի և անցյալի սյուժետային գծերը փոխլրացնում են միմյանց ու համատեքստ են տալիս ստեղծագործությանը, ևս մեկ անգամ հնարավորություն ստեղծելով մտածել մեր անցյալի ու ներկայի մասին:
Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» -ը հինգերորդ տեղում է։ Զորյանը պատմավեպը գրել է Համաշխարհային երկրորդ պատերազմի դժնդակ տարիներին՝ 1941-43թթ.: Հեղինակը ազգային ոգին բարձրացնելու համար վեր է հանել երիտասարդ Պապ թագավորի կյանքի ամենադժվար և Հայաստանի համար ճակատագրական պատմական իրադարձությունները, որոնց բովում հայի ոգու և հայրենասիրության շնորհիվ երկիրն ազատագրվում է թշնամու լծից:
Վանո Սիրադեղյանի «Երկիր ցպահանջ»-ը և Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը»-ը ամփոփող գիրքը վեցերորդ հորիզոնականում է: «Երկիր ցպահանջում» ընդգրկված են Սիրադեղյանի երեք պատմվածքները, ինչպես նաև հրապարակախոսություններ:
Յոթերորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։
Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպը ութերորդ տեղում է։ Այն ամփոփում է վերջին տարիների ողբերգական իրադարձությունները: Պատմության հիմքում ծագումով Արցախից չորս սերնդի կանանց ճակատագրեր են, և մարջանագույն դարպասով պապենական տունը, որտեղ այդ կանանցից որևէ մեկը չի ապրել, և որն արդեն երևում է միայն Google Earth հավելվածով, դառնում է պատումի առանցքը: Սյուժեի հիմքում իրական դեպքեր են: Առաջին երեք կանանց կենսագրությունը հեղինակի մայրական կողմի ընտանիքի պատմությունն է, իսկ վերջին՝ մեր օրերի կնոջ կերպարը, իննսունականների երեք երիտասարդ կանանց հավաքական պատում է, որում հետք են թողել ԽՍՀՄ փլուզումը, Արցախյան առաջին պատերազմը, Քառօրյան, Քառասունչորսօրյան և Արցախի բռնազավթումը: Հեղինակը գրքի տեսքով կառուցում է իր հուշակոթողը, ինչպես իր ընտանիքի նախորդ կանայք մարջանագույն դարպասով տան կերպարով ստեղծել են իրենցը:
Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն իններորդ տեղում է։ Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ: Պատմվածքների կերպարները, իբրև կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները:
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը տասներորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ, | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 347 |
| 2 | նոր | ![]() | Անի Մաղաքյան, «Տակնուվրա» | Երևանյան էսքիզ | 76 |
| 3 | -1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ․ հրատ | 54 |
| 4 | նոր | ![]() | Սարգիս Հովսեփյան, «Դու էսօր մեռի, ես՝ վաղը» | հեղ հրատ | 43 |
| 5 | նոր | ![]() | Ստեփան Զորյան, «Պապ թագավոր» | Էդիթ Պրինտ | 39 |
| 6 | * | ![]() | Վանո Սիրադեղյան «Երկիր ցպահանջ» | հեղ․ հրատ | 38 |
| 7 | -2 | ![]() | Վանո Սիրադեղյան, «Դուռը» | հեղ․ հրատ | 37 |
| 8 | նոր | ![]() | Լուսինե Հովհաննիսյան, «Աշնան քսանչորսերորդ օրը» | Վերնատուն | 35 |
| 9 | -5 | ![]() | Աշոտ Ստեփանյան, «Քաղաքը քեզ կսպասի» | Անտարես | 34 |
| 10 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 22 |









