Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ու ՄԹ պաշտպանության պետնախարարը կարևորել են համագործակցությունը ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու ՄԹ պաշտպանության պետնախարարը կարևորել են համագործակցությունը ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Վերնոն Քոքերի այցը Հայաստան և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։ Երկրի ղեկավարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում կապերի հետևողական ընդլայնմանը։ 

Վերնոն Քոքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը՝ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։  

Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝  ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում։  

Նիկոլ Փաշինյանը և Վերնոն Քոքերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Մասնավորապես, Վերնոն Քոքերը շեշտել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցության խթանմանը։ 

Մտքեր են փոխանակվել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված հռչակագրում ամրագրված սկզբունքների շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և այդ նպատակով միջազգային ներդրումների ներգրավմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում