Քաղաքականություն

Հայտնի է «Դոհա Ֆորում 2025»-ում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ պանելային քննարկման օրը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է «Դոհա Ֆորում 2025»-ում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ պանելային քննարկման օրը

«Դոհա Ֆորում 2025»-ի շրջանակում դեկտեմբերի 6-ին կանցկացվի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ պանելային քննարկում, որը նվիրված կլինի Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղությանը, Վաշինգտոնյան համաձայնագրին և դրանից բխող քայլերին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դոհա Ֆորում 2025»-ի պաշտոնական կայքէջից, Երևանի ժամանակով ժամը 13:00-13:30-ին անցկացվող պանելային քննարկման մոդերատորը կլինի Middle East Eye մեդիա կայքի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Դեյվիդ Հերսթը։ 

«Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման նկարագրության մեջ նշվում է, որ կողմերը բաց կքննարկեն Վաշինգտոնյան համաձայնագրի բովանդակությունը, դրա ձևավորմանը հանգեցրած համատեղ ջանքերը, ինչպես նաև խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը։ 

Զրույցի ընթացքում բանախոսները, որոնց ֆորումի կազմակերպիչներն անվանում են առաջատար բանակցողներ, կանդրադառնան, թե ինչպես կարող է համաձայնագիրը նպաստել տարածաշրջանային կայունությանը, հաշտեցմանը և նոր տնտեսական ու համագործակցային հնարավորություններին։ 

Քննարկվելու են նաև ձեռք բերված դասերը և խաղաղ համակեցության ընդհանուր տեսլականը։ 

Ավելի վաղ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Դոհա՝ մասնակցելու Հիքմեթ Հաջիևի հետ համատեղ պանելային քննարկմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում