ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիթորինգային ցանցը Հայաստանին թույլ կտա ամրապնդել հանրային վստահությունը․ ՄԱԿ-ի մշտական համակարգող

5 րոպեի ընթերցում

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի բնորոշմամբ՝ մարդու իրավունքների ոլորտի ամրապնդմանն ուղղված ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիթորինգային ցանցի (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) ներդրումը Հայաստանի կառավարությանը հնարավորություն կտա ամրապնդել հանրային վստահությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեսաուղերձով հայտարարեց Ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA) մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում։

Վերջինս, նախ և առաջ, շնորհավորեց Հայաստանին Մարդու իրավունքների վերաբերյալ առաջարկությունների և դրանց առցանց հետևողական գործիքի՝ AI-NEMRA-ի վերաբերյալ նոր ազգային մեխանիզմների մեկնարկի համար: 

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները շատ կարևոր դեր են խաղում մարդու իրավունքների առաջխաղացման գործում: Դրանք կառավարություններին առաջարկում են ուղեցույց, հաշվետվողականություն և աջակցություն՝ մարդու իրավունքների վերաբերյալ իրենց պարտավորությունները կատարելու հարցում: Այս մեխանիզմների հետ համագործակցությունը և դրանց առաջարկությունների արդյունավետ իրականացումը պահանջում է պետական ​​մարմինների շատ ուժեղ հանձնառություն, այդ թվում՝ բյուջետային հատկացումների, կարողությունների և գիտելիքների միջոցով՝ ապահովելու համար, որ քաղաքականությունն ու իրավական շրջանակը քաղաքացիների համար վերածվեն փոփոխությունների»,-նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: 

Ֆրանսուազ Ժակոբի բնորոշմամբ՝ այս առումով Հայաստանի նոր ազգային մեխանիզմների մեկնարկը և, ամենակարևորը՝ դրա առցանց հետևողական գործիքի՝ AI-NEMRA-ի մեկնարկը, կարևոր քայլ է ապագայի համար: 

Նրա խոսքով՝ այս գործիքը թույլ կտա Հայաստանի կառավարությանը հետևել մարդու իրավունքների մեխանիզմների միջազգային առաջարկություններին և դրանց իրականացմանը։ 

«Սա Կառավարությանը հնարավորություն է տալիս ամրապնդել հանրային վստահությունը և ներառական ներգրավվածությունը բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, ակադեմիական շրջանակները, Միավորված ազգերի կազմակերպությունը և այլ շահագրգիռ կողմեր»,-շեշտեց Ֆրանսուազ Ժակոբը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և բոլոր գործընկերներին, որոնք ներգրավված են այս համատեղ ջանքերում՝ մարդու իրավունքների բաց և վճռական պաշտպանության համար։

ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիտորինգային ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմն է, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները՝ մարդու իրավունքների ոլորտում ազգային զեկույցներ ներկայացնելու կարողություններն ամրապնդելու նպատակով: 

ՀՀ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 18-ի 1031-Ա որոշմամբ ստեղծված այս մեխանիզմը համախմբում է պետական կառավարման մարմինների ոլորտային համակարգողների ցանցը՝ թվային միասնական հարթակի համակցությամբ: Վերջինս ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանին ուղղված հանձնարարականների կենտրոնացված մեկտեղումը՝ հեշտ որոնելի և մատչելի ձևաչափով։ 

ԱԻ-ՆԵՄՐԱ հարթակի գործառույթներն են. դասակարգել և խմբավորել մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հանձնարարականները, որոնք Հայաստանին են ուղղվել ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից, ՄԱԿ Համընդհանուր Պարբերական Դիտարկման գործընթացի շրջանակներում և Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից, դյուրացնել միջգերատեսչական համակարգումը՝ թվային միասնական հարթակի միջոցով տեղեկատվության հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու միջոցով, նպաստել թափանցիկությանը՝ տեղեկատվությունը հանրության համար բաց և հասանելի դարձնելով և քաղաքացիական հասակարության մասնակցությունը խրախուսելով, խթանել բաց կառավարումն ու հաշվետվողականությունը՝ նորարարական գործիքներ կիրառելով՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հանձնառության ամրապնդման:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից