Տնտեսություն

Ինչու է պետությունն ԱԱՀ-ից ազատում միայն 2024-ին և դրանից հետո արտադրված էլեկտրամոբիլները. պարզաբանում է նախարարը

2 րոպեի ընթերցում

Ինչու է պետությունն ԱԱՀ-ից ազատում միայն 2024-ին և դրանից հետո արտադրված էլեկտրամոբիլները. պարզաբանում է նախարարը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանեց, թե ինչու է պետությունն ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը երկարաձգում միայն 2024 թվականին և դրանից հետո արտադրված էլեկտրամոբիլների ներմուծման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանը հարցին անդրադարձավ ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման շրջանակում:

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը, սակայն արտոնությունը կտարածվի միայն 2024 թվականի և ավելի բարձր տարեթվերի արտադրության ավտոմեքենաների վրա:  

Անդրադառնալով պատգամավորների բարձրացրած մտահոգությունը, թե ինչու են արտոնությունը տարածում միայն բարձր տարեթվերի ավտոմեքենաների ներմուծման վրա՝ նախարարը պատասխանեց, որ տարեթիվը կարելի է քննարկել: «Բայց շատ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեր երկիրը չդառնա այնպիսի մի միջավայր, որտեղ 3 տարի հետո չիմանանք, թե ինչ անենք այդ մեքենաների մարտկոցները»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ նախորդ կարգավորումների պայմաններում, երբ նման սահմանափակում չկար, վիճակագրությունը ցույց է տվել, որ շատ են ներմուծվում 2017, 2018, 2019թ մեքենաներ: «Գործարանն ասում է, որ, օրինակ՝ 10 տարի հետո այն կարող է այդ խնդրիրն ունենալ: Հիմա 8-ն արդեն անցել է, գործարանն էլ ասում է, որ 2 տարի հետո այդ խնդիրը կարող է ունենալ»,-ասաց Պապոյանը:

Նախարարն այսպիսով նպատակահարմար չի համարում ԱԱՀ-ի վճարումից ազատել այն ավտոմեքենաները, որոնք կարող են 2-3 տարի հետո նման խնդիր ունենալ:

Պետությունը, նրա խոսքով, մտածում է նաև վերամշակման ուղղությամբ: «Մենք հիմա նաև մտածում ենք այդ ուղղությամբ՝ վերամշակող գործարաններ և այլն»,-նշեց Պապոյանը:

Ներկայումս էլեկտրական շարժիչով մեքենաները ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026թ հունվարի 1-ը: Այս արտոնությունը գործել է 2019 թվականից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում