Արտաքին քաղաքականություն

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը

ԵԱՀԿ քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, Մինսկի խմբի գործունեության ավարտի և դրան առնչվող կառույցների լուծարման մասին՝ համաձայն Նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։ 

«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի իրականացումը ենթադրում է, որ փակման գործընթացը մոտեցել է ավարտին։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր երեք ինստիտուտի՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում