ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կկայանա Մոսկվայում
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կհյուրընկալի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը։ Այն կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ Ռուսաստանի մայրաքաղաքում», - ասել է Պուտինը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նոյեմբերի 27-ին պաշտոնապես Ռուսաստանին է փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։ «Սահմանված կարգի համաձայն՝ կազմակերպության հաջորդ նախագահությունը կանցնի Ռուսաստանի Դաշնությանը», - հայտարարել է Ջապարովը ՀԱՊԿ գագաթնաժողովում։
ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի առաջարկությամբ երկրների ղեկավարները նոյեմբերի 27-ին Բիշքեկում առանց քննարկման ընդունել են Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքում ստորագրված փաստաթղթերը։
Բիշքեկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ ղեկավարները ստորագրել են հռչակագիր, որում ուրվագծվում են անդամ պետությունների համատեղ մոտեցումները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հիմնական հարցերի վերաբերյալ։ Ստորագրվել է նաև հայտարարություն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում կայացած գագաթնաժողովին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ Պատճառը 2021-2023 թվականներին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ ՀԱՊԿ կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն է։