Տնտեսություն

Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի բացմանը

2 րոպեի ընթերցում

Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի բացմանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) հայաստանյան մասնաճյուղի բացման արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և Հայաստանում արտադրված ապրանքների՝ ֆրանսիական ու եվրոպական շուկաներ մուտք գործելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը: 

Նախարարը վստահություն է հայտնել, որ պալատը կդառնա հարթակ, որտեղ հանդիպելու են նոր գաղափարներ, նոր նախաձեռնություններ և՛ հայկական, և՛ ֆրանսիական ընկերությունների համար։ 

CCIFA-ն արդեն ավելի քան 30 տարի ծառայում է որպես տնտեսական երկխոսության և ռազմավարական համագործակցության հարթակ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության նպատակն է աջակցել երկկողմ ներդրումների խթանմանը, մրցունակ ճյուղերի զարգացմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայուն և երկարաժամկետ տնտեսական գործընկերությանը։ 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, գործարար շրջանակների և դիվանագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառումն անցկացվել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում։ CCIFA-ի բացմանը նախորդել է Գևորգ Պապոյանի շրջայցը գործարանի թանգարանում, որի ընթացքում գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է գործարանի պատմությունն ու արտադրանքը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում