Ինչո՞ւ է Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ներկրվել. մեկնաբանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան հասած ղազախական ցորենը չորրորդ կարգի է. Հայաստանին այդպիսի ցորեն ևս պետք է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Ղազախստանից չորրորդ կարգի ցորեն ներկրվել։
Չորրորդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է կերերի արտադրության համար և որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։
«Դա նշանակում է, որ այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետությանը: Ցորենը ցորեն չէ՞»,-ասաց փոխնախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ նախապես չէր հայտարարվել, որ Ղազախստանից եկող ցորենը չորրորդ կարգի է, Զաքարյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու պետք է նախապես շեշտվեր, թե ինչ կարգի ցորեն է ներկրվում՝ շեշտելով, որ այստեղ կարևորը ներկրման ճանապարհների դիվերսիֆիկացումն է, ոչ թե այն, թե ինչ կարգի ցորեն է բերվել։
«Այսօր 4-րդ կարգի ցորեն է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա»,-նշեց նա:
Նախարարի խոսքով՝ երկաթուղային ճանապարհով Հայաստան հասած ռուսական ցորենը բարձրակարգ ցորեն է:
Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։
Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։
Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար։