Քաղաքականություն

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու բանաձևը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու բանաձևը

Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված՝ Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) միջազգային օր հռչակելու մասին բանաձևը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

ՓԿԶՊ միջազգային օր սահմանելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությանը սատարել և համահեղինակել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուրջ 130 անդամ պետություններ։

Բանաձևն ընդգծում է Փոքր կղզի զարգացող պետությունների խոցելիությունները և դրանց նկատմամբ միջազգային ուշադրության, համերաշխության և աջակցության անհրաժեշտությունը։ Փաստաթղթով ապրիլի 25-ը սահմանվում է որպես ՓԿԶՊ միջազգային օր։

Բանաձևի ընդունման կապակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր կոնֆերանսին և բանաձևի համահեղինակ պետություններին՝ փաստաթղթին միաձայն աջակցելու համար, ինչպես նաև վերահաստատել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶՊ բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ պետության կարգավիճակում Փոքր կղզիներ զարգացող պետությունների կարիքների հասցեագրման հարցում շարունակական հանձնառությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում