Հետաքրքիր է նոր մշակույթներ բացահայտելը. Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի երգեհոնահարը մենահամերգ ունեցավ Երևանում

6 րոպեի ընթերցում

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբիան տարիներ առաջ է լսել Հայաստանի մասին։ Նրան գրավել են Հայաստանի հնագույն պատմությունն ու հետաքրքիր մշակույթը, ուստի մեծ սիրով է համաձայնել գալ Երևան և ելույթ ունենալ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնին։

Ռուբիայի մենահամերգը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում և բուռն ծափահարությունների ներքո, տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Հրաշալի է տարբեր երկրներում ելույթ ունենալը, օտար քաղաքակրթություններին, ավանդույթներին ու մշակույթներին ծանոթանալը։ Ինձ շատ ոգևորեցին նաև այս համերգային դահլիճն ու երգեհոնը, որը հրաշալի որակ ունի։ Դահլիճի ակուստիկան շատ լավն է, և երգեհոնն այստեղ անզուգական է հնչում. ասես եկեղեցում նվագես»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է երաժիշտը։ 

Տարիներ առաջ Ռուբիան ծանոթացել է Բարսելոնայում Հայ առաքելական եկեղեցու  ներկայացուցիչների հետ, որոնք ցանկացել են միջոցառում կազմակերպել Սագրադա Ֆամիլիա տաճարում։ Նրանց շնորհիվ Ռուբիան ճանաչել է հայ հոգևոր երաժշտությունը, որը խորն ու զգացմունքային է համարում։

Անդրադառնալով փառատոնին՝ երգեհոնահարն ընդգծում է, որ նման նախաձեռնությունները հանդիսատեսին հնարավորություն են տալիս ունկնդրել ոչ թե մի, այլ մի քանի երգեհոնահարի, որոնք տարբեր մոտեցումներ ունեն գործիքի հանդեպ, տարբեր նվագացանկ, և յուրաքանչյուրը յուրովի է մատուցում անգամ շատ հայտնի ստեղծագործությունները։ «Շատերը նորովի են բացահայտում երգեհոնն ու հասկանում, որ այն ավելին է, քան եկեղեցական երաժշտական գործիքը»,-նշում է Խուան դե լա Ռուբիան։

Նա Երևանում կատարեց Խոսե Խիմենեսի, Անտոնիո Դե Կաբեսոնի, 
Սեբաստիան Ագիլերա Դե Հերեդիայի,  Պաբլո Բրունայի, Գեորգ Բյոմի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Յոհան Սեբաստիան Բախի յուրահատուկ ստեղծագործությունները։

Ըստ Ռուբիայի՝ Բախը բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորն է, իսկ Հենդելը լավագույններից է։ Կարծում է՝ հետաքրքիր ձեռագիր ունի նաև Գեորգ Բյոմը, որին Բախը բարձր է գնահատել։ Համերգի առաջին հատվածում Ռուբիան իսպանական երաժշտություն ներկայացրեց։ «Ինձ համար կարևոր է պատմել իմ երկրի երաժշտության մասին. 16-17-րդ դարերում ունեցել ենք երգեհոնային կոմպոզիտորներ, երգեհոնահարներ։ Դա մեր և մեր մշակույթի համար բավականին լավ ժամանակաշրջան է եղել։ Հաճելի կլինի, որ հանդիսատեսը նոր երաժշտություն բացահայտի, քանի որ կան ստեղծագործություններ, որոնց ունկնդիրը քաջածանոթ չէ։ Ցանկանում եմ հանդիսատեսին ծանոթացնել իսպանական երաժշտությանը, որը բխում է իմ սրտից, որը սովորել եմ, երբ դեռ երեխա էի։ Երբ համադրվում են լավ երաժշտությունը, լավ հնչողությունն ու կատարումը, ի հայտ է գալիս կախարդանքը»,-հավաստիացնում է երգեհոնահարը։

Նա հիշեցնում է, որ երգեհոնը երաժշտական գործիքների թագուհին է, քանի որ երգեհոնահարին հնարավորություն է տալիս միայնակ ապահովել մի ամբողջ նվագախմբի հնչողություն։ «Այն շատ սիմֆոնիկ գործիք է, ուստի թույլ է տալիս ամեն բան նվագել։ Կարող ես նվագախմբի կատարման համար նախատեսված մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ վերագործիքավորել ու ադապտացնել երգեհոնին։ Երգեհոնի մեկ այլ յուրահատկությունն այն է, որ հնագույն գործիք է և հնարավորություն է տալիս հնագույն ժամանակների երաժշտություն նվագել, ինչպես նաև՝ ժամանակակից գործեր, քանի որ բազմաթիվ գեղեցիկ հնչյուններ ունի, որոնք փոփ, ռոք և այլ ժանրի հեղինակները տեխնոլոգիաներով են ստանում, և երբ լսում են երգեհոնի մեղեդիները, զարմանում են և ավելի բարձր են գնահատում այն»,-նշում է Խուան դե լա Ռուբիան։

Նա Սանթ Ժորդիի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ է, Կատալոնիայի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է և Իսպանիայի ամենահայտնի ու ինքնատիպ երգեհոնահարներից մեկն է։ Որպես մենակատար Ռուբիան հանդես է եկել աշխարհի ավելի քան 30 երկրում: 2018 թվականին «Սրբազան կանտատներ» ալբոմի համար առաջադրվել է Գրեմմի մրցանակի։

Երգեհոնահարն ընդգծում է՝ տարբեր երկրներում երգեհոնը տարբեր կերպ է մեկնաբանվում ու մատուցվում։ «Կան երկրներ, որտեղ երգեհոնը չի ընկալվում որպես եկեղեցական գործիք։ Կարծում եմ՝ Հայաստանում, Իսպանիայում այն եկեղեցական երաժշտության հետ է ասոցացվում, իսկ Չինաստանում, որտեղ տասը օր առաջ էի, այդպես չէ, Ռուսաստանում ևս այդպես չէ, քանի որ ռուսական եկեղեցիներում երգեհոն չեն նվագում։ Չեմ կարող ասել դա լա՞վ է, թե՞ վատ։ Ինձ համար հաճելի է և հետաքրքիր, որ այդ փաստի շնորհիվ տարբեր երկրներում տարբեր հույզեր եմ ապրում»,-եզրափակում է Ռուբիան։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնն անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև Չարենցավանում և Կապանում։ Այն հյուրընկալել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիք են Վենսեան Դյուբուան, Ջոնաթան Սքոթը և այլք: Ադրիան Հուկի համերգներն էլ նախատեսվում են նոյեմբրի 19-ին և 20-ին: 

Փառատոնին հնչում են դասական երգեհոնային ստեղծագործություններ, հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն