Տնտեսություն

ԱՄԷ-ն հետաքրքրված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարով. Աբդուլազիզ Ալշեհիի

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն հետաքրքրված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարով. Աբդուլազիզ Ալշեհիի

Աբու Դաբիի TRENDS Research and Advisory կենտրոնի ավագ հետազոտող, հետազոտական բաժնի ղեկավարի տեղակալ Աբդուլազիզ Ալշեհիին կարծում է, որ կան բազմաթիվ ոլորտներ, որոնց ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ 

Ռազմավարական և քաղաքական ուսումնասիրությունների ոլորտի փորձագետն այս մասին նշել է «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ գնահատելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա հարաբերությունների մակարդակը։  

Փորձագետի բնորոշմամբ՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների մակարդակն, անկասկած, մեծ աճ է գրանցել վերջին մի քանի տարիների ընթացքում, և միայն տնտեսական ոլորտում, օրինակ, 2023 թվականին ԱՄԷ-ի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների ցուցանիշները քառապատկվել են, ինչը ցույց է տալիս երկրների համատեղ բարեկամության, համատեղ հարաբերությունների նկատմամբ նվիրվածության մակարդակը։  

«ԱՄԷ-ն Հայաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորագույն վայր։ Մենք կարծում ենք, որ այն կարող է լինել ավելին, քան պարզապես տարանցիկ երկիրն է․ այն նաև մշակույթների խաչմերուկ է։ Եվ այդ պատճառով մենք գնահատում ենք բարեկամությունը Հայաստանի հետ»,-շեշտել է Աբդուլազիզ Ալշեհիին։  

Անդրադառնալով հարցին, թե մասնավորապես ո՞ր ոլորտներում է, որ երկու երկրները կարող են գործընկերության ավելի մեծ նվաճումներ գրանցել՝ փորձագետը նշել է, որ այդ ոլորտներից կարող է լինել կանաչ էներգիան։ Զրուցակցի խոսքով՝ դա կարող է լինել նաև գյուղատնտեսության ոլորտը։

«Ընդհանրապես, կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում ԱՄԷ-ն ցանկանում է  և հետաքրքրված է համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ: Մենք կարծում ենք, որ կան ոլորտներ, որտեղ երկու երկրների համագործակցությունը մոտ ապագայում կզարգանա»,-նշել է փորձագետը:  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում