Հայաստան

ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Բարձր գնահատելով ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ նախարար Սարգսյանն ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող գործուն քայլերն ու շոշափելի արդյունքները։ Նա կարևորել է, որ շուտով Հայաստանի կառավարությանը կհանձնվի Գործողությունների ծրագիրը, ինչն էական խթան կհանդիսանա գործընթացներում։  

Արփինե Սարգսյանը նշել է նաև Հայաստանում բիոմետրիկ համակարգի ներդրումը, որի արդյունքում 2026 թվականից քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։  

Նախարարն ընդգծել է,որ Միգրացիոն ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են, և մինչև տարեվերջ պատրաստ կլինի կոնցեպտը։ Ակտիվ փուլում են նաև Խտրականության արգելման դեմ օրենսդրության մշակման ուղղությամբ աշխատանքները։ Բացի այդ, նշվել է, որ առաջիկայում Հայաստանում առաջին անգամ ընդունվելու է Հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարություն և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները ևս ակտիվ փուլում են։  

Էդրիեն Կիրալին իր խոսքում կարևորել է երկկողմ արդյունավետ գործընկերությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նրանք բարձր են գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։

Համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը, որի թեկնածությունը շուտով կներկայացվի։

Քննարկվել են նաև սահմանների կառավարման, ոստիկանության ոլորտում համագործակցության ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում