Տնտեսություն

Հայաստանն ու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկիի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող համատեղ ծրագրերը։

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության և էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները, զարգացման ռազմավարական ուղղությունները և ընթացիկ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։ Նա անդրադարձել է նաև սոցիալական նշանակության շինարարական նախագծերին՝ ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՆԱԲ-ին նոր հարթակներ կստեղծի միջազգային և տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցելու համար։

Անուշիկ Ավետյանը կարևորել է ԵՆԱԲ-ի կողմից մասնավոր հատվածի ծրագրերի ֆինանսավորումը՝ ընդգծելով, որ այն կարող է էական խթան հանդիսանալ տնտեսական ակտիվության բարձրացման, ներդրումային միջավայրի բարելավման և երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում, ինչպես նաև նպաստել պետական բյուջեի ծանրաբեռնվածության և արտաքին պարտքի նվազեցմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ 

Կողմերը փաստել են, որ ԵՆԱԲ-ի և Հայաստանի միջև գործընկերային համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային ինտեգրման, պետական և մասնավոր հատվածներում համատեղ ծրագրերի իրականացման և ներդրումային փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշել փոխգործակցության հիմնական շրջանակները, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել այն ոլորտները, որտեղ ԵՆԱԲ-ն իր մանդատի շրջանակներում, կամ այլ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կարող է մասնակցել ծրագրերի մշակմանն ու իրագործմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում