Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Երկրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Չորրորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։

Լոաինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» հինգերորդ տեղում է։ Վեպն ամփոփում է վերջին տարիների ողբերգական իրադարձությունները: Պատմության հիմքում ծագումով Արցախից չորս սերնդի կանանց ճակատագրեր են, և մարջանագույն դարպասով պապենական տունը, որտեղ այդ կանանցից որևէ մեկը չի ապրել, և որն արդեն երևում է միայն Google Earth հավելվածով, դառնում է պատումի առանցքը: Սյուժեի հիմքում իրական դեպքեր են: Առաջին երեք կանանց կենսագրությունը հեղինակի մայրական կողմի ընտանիքի պատմությունն է, իսկ վերջին՝ մեր օրերի կնոջ կերպարը, իննսունականների երեք երիտասարդ կանանց հավաքական պատում է, որում հետք են թողել ԽՍՀՄ փլուզումը, Արցախյան առաջին պատերազմը, Քառօրյան, Քառասունչորսօրյան և Արցախի բռնազավթումը: Հեղինակը գրքի տեսքով կառուցում է իր հուշակոթողը, ինչպես իր ընտանիքի նախորդ կանայք մարջանագույն դարպասով տան կերպարով ստեղծել են իրենցը:

Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը վեցերորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը յոթերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Ութերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն իններորդ տեղում է։  Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ: Պատմվածքների կերպարները, իբրև կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները:

Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը տասներորդ տեղում է: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: ​Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխԳիրք ՀրատՔանակ
1+1

Գրիգոր Քեշիշյան,

 «Քեզնից հեռու, քեզ հետ»

Դավինչի273
2+7«Բարի գործերի քաղաքը»Բուկինիստ120
30

Ռաֆայել Մարգարյան,

 «Սպասիր ինձ երկնքում»

հեղ հրատ73
4*

Վանո Սիրադեղյան,

 «Դուռը»

հեղ հրատ73
5Նոր

Լոաինե Հովհաննիսյան,

 «Աշնան քսանչորսերորդ օրը»

Վերնատուն33
6+4

Ռաֆայել Մարգարյան,

 «Օգնիր սրտիս բաբախել»

հեղ հրատ31
7-2

Գրիգոր Քեշիշյան,

 «Հանդիպում անցյալի հետ»

Դավինչի29
8-4

Գրիգոր Քեշիշյան,

 «Շելա»

Դավինչի28
9*

Աշոտ Ստեփանյան,

 «Քաղաքը քեզ կսպասի»

Անտարես22
10*

Հովիկ Աֆյան,

 «Կարմիր»

Անտարես21
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում