Ամերիաբանկն առաջիկայում պլանավորում է հանքարդյունաբերական ընկերություններին տրամադրվող վարկերը հասցնել մոտ 500 մլն դոլարի
8 րոպեի ընթերցում
Վերջին 10 տարիներին լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն՝ Ամերիաբանկը հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության համար շատ մեծ կարևորություն և պետության տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտ է համարում։ Բանկը հանքարդյունաբերության ընկերություններին արդեն իսկ մոտ 350 միլիոն դոլարի վարկեր է տրամադրել, և պլանավորում է առաջիկայում այս թիվը հասցնել մոտ կես միլիարդ դոլարի, եթե նոր հանքարդյունաբերական նախագծերը դրական միտումներ ցուցաբերեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս և այլ թեմաների շուրջ Ծաղկաձորում հոկտեմբերի 3-ին մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը միտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում խոսել են Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության տնօրեն Գագիկ Սահակյանը և Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդվարդ Առաքելյանը։
Շնորհավորելով ֆորումի կազմակերպիչներին՝ Գագիկ Սահակյանը նկատել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է այս համաժողովը։
«Համաժողովը շատ հաջողված է։ Անցյալ տարի ևս Ամերիաբանկը սիրով մասնակցեց այս ֆորումին։ Այն ժամանակ էլ մեզ մոտ վստահություն կար, որ ֆորումը կդառնա շարունակական ու կանոնավոր միջոցառում և կհավաքի ոլորտում ներգրավված բոլոր մարդկանց՝ թե՛ հիմնական խաղացողներին, թե՛ Կառավարության ներկայացուցիչներին, թե՛ բնապահպաններին և, թե՛ իհարկե, ոլորտը ֆինանսավորող բանկերին»,-ընդգծել է Սահակյանը։
Նրա դիտարկմամբ՝ հանքարդյունաբերությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար, և այդ կարևորությունը սկիզբ է առել դեռևս Խորհրդային ժամանակաշրջանից, երբ Սյունիքում, Լոռիում ստեղծվել են առաջին հանքարդյունաբերական արտադրությունները։
«Խորհրդային ժամանակաշրջանում դրվել է այն հիմքը, որն այժմ գոյություն ունի։ Այսօր ոլորտում կան մի շարք շատ ուժեղ և ազդեցիկ կազմակերպություններ, որոնք կազմում են Հայաստանի արտահանման զգալի մասը»,-նկատել է Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության տնօրենը։
Վերջինիս բնորոշմամբ՝ Ամերիաբանկը, վերջին 10 տարիների ընթացքում լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն, հանքարդյունաբերության ոլորտը, միանշանակ, առաջնահերթություն է համարում։
«Ներկայում մենք հանքարդյունաբերության ընկերություններին մոտ 350 միլիոն դոլարի վարկեր ենք տրամադրել, և պլանավորում ենք մոտ ապագայում այս թիվը հասցնել մոտ կես միլիարդ դոլարի, եթե նոր հանքարդյունաբերական նախագծերը դրական միտումներ ցուցաբերեն: Այս ոլորտը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Այն երկրի տնտեսության շարժիչ ուժն է: Կցանկանայի, որ այլ ոլորտների ներկայացուցիչները ևս նմանատիպ միջոցառումներ անցկացնեն, որոնք շատ օգտակար են բոլոր մասնակիցների համար»,-ասել է Գագիկ Սահակյանը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին։
Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Էդվարդ Առաքելյանը ևս շնորհավորել է միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով, որ համաժողովը շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտի համար։
Առաքելյանի խոսքով՝ այս ոլորտն, ակնհայտորեն, կենսական նշանակություն ունի երկրի տնտեսության համար։
«Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարելի է դա չափել և որոշ թվային տվյալներ ենք պարզել. միայն 5000 մարդ Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ է ստանում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից։ Այսինքն՝ խոսքը 5000 ընտանիքի մասին է։ Այդ 5000 մարդը մոտ 60 միլիոն դոլարի հանրագումարային վարկեր ունի, որոնք ներառում են բնակարանային, ավտոմեքենաների և սպառողական վարկերը։ Մեկ այլ կարևոր ցուցանիշն այն է, որ այս հանքարդյունաբերական ընկերությունները տարեկան մոտավորապես 500 միլիոն դոլար են փոխանցում Հայաստանում 3100-ից ավելի իրավաբանական անձանց։ Դա նշանակում է, որ ավելի քան 3000 իրավաբանական անձինք ծառայություններ են մատուցում այդ ընկերություններին։ Վերոնշյալ տվյալները պատկերացում են տալիս մեր տնտեսության համար այս ոլորտի կարևորության մասին»,- ասել է Առաքելյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ երկրորդ կարևոր թեման էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների սիներգիան ու ապագայում դրանց հնարավորություններն են:
«Քանի որ էներգետիկ ոլորտը ենթարկվում է գլոբալ վերափոխման և էլեկտրաֆիկացման՝ էլեկտրական ավտոմեքենաներ, վերականգնվող էներգիայի կայաններ և այլն, մետաղների պահանջարկը առաջիկա տարիներին զգալիորեն կաճի։ Սա հանքարդյունաբերական ընկերությունների համար զգալի հնարավորություններ է ստեղծում, քանի որ գները կդառնան ավելի կանխատեսելի, ինչը նրանց հնարավորություն կտա հաջողությամբ իրականացնել իրենց նախագծերն առաջիկա տարիներին»,-ընդգծել է Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ղեկավարը։
Նրա բնորոշմամբ՝ այս հարցի մեկ այլ շատ կարևոր կողմ գոյություն ունի՝ շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվությունը, որը հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները պետք է բալանսավորեն և շատ մեծ ուշադրություն դարձնեն միջազգային շրջակա միջավայրի չափանիշներին և սոցիալական հարցերին, քանի որ հենց նույն բանկերը և միջազգային ֆինանսական հաստատությունները բավական խիստ պահանջներ են սահմանում հանքարդյունաբերական նախագծերը ֆինանսավորելիս, և այդ ընկերությունները պետք է կարողանան համապատասխանել այդ չափանիշներին՝ համապատասխան ֆինանսավորում ստանալու համար։
«Ներկայում երկրում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում ութ խոշոր ընկերություն է գործում։ Մենք տվյալներ ենք վերցրել մեր ամբողջ ոլորտում գործող ընկերությունների տվյալների բազայից։ Դա նշանակում է, որ դրանց մեջ կարող են լինել քարի հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններ, ինչպես նաև այլ ձեռնարկություններ։ Դրանք միայն Ամերիաբանկի տվյալներն են»,-շեշտել է Առաքելյանը։
Նա հստակեցրել է, որ երբ բանկերը միջոցներ են ներգրավում միջազգային ֆինանսական հաստատություններից, որոնք դրանք պետք է բաշխեն, այդ թվում՝ հանքարդյունաբերական ընկերություններին, նրանք խիստ պարտավորություններ են ստանձնում, որ բոլոր վարկերը պետք է համապատասխանեն բնապահպանական և սոցիալական ռիսկերի ստանդարտներին։
«Կարող եմ վստահությամբ ասել, որ այդ համակարգն Ամերիաբանկում ներդրված է և խստորեն վերահսկվում է: Այսինքն, մենք տեսնում ենք այդ առաջընթացը ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլ նաև բոլոր այն ոլորտներում, որոնք առնչվում են բնապահպանության և սոցիալական ռիսկերին»,-շեշտել է Էդուարդ Առաքելյանը։