Քաղաքականություն

Հայաստանը ձգտում է ավելի բարձր մակարդակի կապեր հաստատել բարեկամ Հնդկաստանի հետ․ ՀՀ դեսպան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ձգտում է ավելի բարձր մակարդակի կապեր հաստատել բարեկամ Հնդկաստանի հետ․ ՀՀ դեսպան

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվել է ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարը: 

Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում, ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի դարավոր և մշակութային կապերի հենքի վրա վերջին մի քանի տարիների քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին։ ՀՀ դեսպանը, նշելով, որ Հայաստանի համար բարեկամ Հնդկաստանը հանդիսանում է հուսալի գործընկեր, որի հետ ձգտում կա հաստատել հարաբերությունների ավելի բարձր մակարդակ, նաև համոզմունք է հայտնել, որ ընթացիկ շփումների և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն օժտված կլինի առավել ամուր և հեռանկարային բնույթով։ 

Դեսպան Աֆյանն, անդրադառնալով Վաշինգտոնի օգոստոսյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաստատված խաղաղության նշանակության մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչմամբ՝ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ անմիջական հարևանների, այլ նաև հարավ-ասիական տարածաշրջանի երկրների և հատկապես Հնդկաստանի համար։ 

Հնդկաստանի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Սիբի Ջորջն իր հերթին նշել է երկու երկրների խորը բարեկամական և պատմական կապերի և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված քայլերի մասին, որի շուրջ նաև մտքեր են փոխանակվել ՀՀ դեսպանի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում: 

ՀՀ դեսպանության կողմից երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ընդունելությանը Մշակութային կապերի հնդկական խորհրդի (ICCR) հրավերով Նյու Դելի ժամանած «Հայ աստղեր» և «Նանե» պարային համույթները հանդես են եկել «Հայաստանը շարժման մեջ» խորագրի ներքո ազգային պարերի կատարումների համատեղ ծրագրով, որն արժանացել է բազմաթիվ ներկաների ջերմ և հիացական արձագանքին: 

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ ընդունելությանը ներկա են եղել նաև մի քանի տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի գերատեսչական, խորհրդարանական, պետական և մասնավոր հաստատությունների, փորձագիտական շրջանակների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում