Մշակույթ

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

6 րոպեի ընթերցում

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

«Տերյան մշակութային կենտրոն»-ը տեղեկացնում է, որ պաշտոնապես մեկնարկում է «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ կոնվենցիայի շրջանակներում գործող Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ Մեր երկրում ծրագրի համաֆինանսավորումն իրականացվում է ԱրարատԲանկի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, ծրագրի նպատակն է մշակութային և ստեղծարար ձեռներեցության միջոցով ստեղծել եկամուտ ապահովող հնարավորություններ և կայուն զբաղվածություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։ Ծրագիրը, մասնավորապես, ուղղված է հատուկ կարիքներով անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին, ինչպես նաև նրանց հետ աշխատող մենթոր-մասնագետներին։

          Ծրագրի հիմնական բաղադրիչներն են․

-       Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող կառույցների համար հատուկ նախագծված մասնագիտական կրթության կազմակերպում՝ ներառյալ դիզայն, հագուստի մոդելավորում և դեկորատիվ կիրառական արվեստ։

-       Մշակութային արտադրանքի որակի բարձրացում՝ ուղղված  մասնագիտական չափանիշների և մրցունակության ապահովմանը, տեղական և միջազգային շուկաների ստեղծմանը։

-       Գովազդային և իրազեկման աշխատանքների իրականացում, ներառյալ՝ հատուկ կայքէջի պատրաստում, տպագրական նյութերի ստեղծում, ինչպես նաև ծրագրի շահառուների կողմից պատրաստված աշխատանքները ներկայացնող մշակութային միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպում։

«Մշակույթ՝ իմ ուղին»  նախագծի  շրջանակներում իրականացվելու է մասնագիտական վերապատրաստման, արտադրության զարգացման և իրազեկվածության բարձրացման համապարփակ ծրագիր` հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող կառույցների ներկայացվածությունը Հայաստանի մշակութային կյանքում խթանելու նպատակով։ Ծրագրի ընթացքում կազմակերպվելու է 24 աշխատաժողով, որոնց շրջանակներում ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն դիզայնի և ձեռագործ աշխատանքներ պատրաստելու ոլորտում: Այնուհետև կկազմակերպվեն 24 վարպետաց դասեր և համատեղ աշխատարաններ, որտեղ արդեն վերապատրաստված մասնագետները կվերապատրաստեն և կուղղորդեն հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց մայրերին և կին ազգականներին՝ ցուցասրահային և առցանց վաճառքի համար բարձրորակ արտադրանք ստեղծելու նպատակով։

Ըստ աղբյուրի՝ ծրագրի շրջանակներում ստեղծված մշակութային արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Տերյան մշակութային կենտրոնը»  կիրականացնի երկամսյա շուկայի ուսումնասիրություն՝ ներառյալ հայկական սփյուռքի շրջանում, բացահայտելու համար տեղական, տարածաշրջանային  և միջազգային շուկաների ներկայիս պահանջարկը։ Ծրագիրը նաև ձեռք կբերի և կսկսի շահագործել պրոֆեսիոնալ տեքստիլ տպագրական սարքավորումներ և կտրամադրի «Տերյան մշակութային կենտրոնի» ապրանքանիշը ծրագրի շահառուների կողմից պատրաստված արտադրանքին։

Հանրային իրազեկումը ծրագրի առանցքային բաղադրիչներից է, որը ներառում է կայքէջի ստեղծում և սոցիալական մեդիա արշավների իրականացում, ծրագրի շահառուների կողմից պատրաստած արվեստի աշխատանքների կատալոգի և բուկլետի տպագրություն, ցուցահանդեսների և իրազեկման միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև ամփոփիչ համերգ՝ հատուկ կարիքներ ունեցող երաժիշտների և ուսանողների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակներում «Տերյան մշակութային կենտրոնում»  կստեղծվի մշտական ցուցահանդես, որն անգամ ծրագրի ավարտից հետո կապահովի ծրագրի շահառուների կողմից պատրաստած աշխատանքների շարունակական ներկայացումը։

«Այս ծրագիրն արտահայտում է մեր կազմակերպության երկարամյա  հանձնառությունը մշակութային ներառականությանը, մարգինալացված և հատուկ կարիքներով անձանց կարողությունների կատարելագործմանն ու արժանապատվությանը»,- նշում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։ - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) աջակցության շնորհիվ մենք կարող ենք ընդլայնել մեր ազդեցությունը և էական դրական փոփոխություններ բերել ծրագրի շահառուների կյանքում՝ միավորելով մեր ազգային մշակութային ավանդույթը, նորարարությունն ու սոցիալական արդարությունը»։

«Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․կոնվենցիայի հիմնական նպատակները՝ խթանելով մասնակցությունը մշակութային կյանքին, ինչպես նաև գենդերային հավասարությունը և տեղական ստեղծարար ձեռներեցության մակարդակի բարձրացումը։

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) մասին

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամը (IFCD) բազմադոնոր հիմնադրամ է, որը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի շրջանակներում։ Այն աջակցում է կայուն մշակութային զարգացման ծրագրերին, որոնք նպաստում են զարգացող երկրներում մշակութային արդյունաբերության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում