«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը հաջողությամբ մեկնարկեց Գյումրիում

4 րոպեի ընթերցում

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը տվեց Գյումրի քաղաքում։ Ծրագիրն արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել է, և աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի պատասխանատու  Էլենիտա Սարգսյանը, նախագծի արդյունավետությունն ակնհայտ է՝ առաջին իսկ օրերից դպրոցականները մեծ ներգրավվածություն են ցուցաբերում, հատկապես, երբ հնչում են իրենց սիրելի ֆիլմերի ու համակարգչային խաղերի մեղեդիները, ներկայացվում են  հարվածային գործիքներ, և իրականացվում են ինտերակտիվ երաժշտական խաղեր։

«Երբ երեխան լսում է իրեն ծանոթ երաժշտությունը, օրինակ, իր սիրած ֆիլմից կամ խաղից, նրա արձագանքը ակնթարթային է՝ ժպիտ, հետաքրքրություն, հարցեր։ Այդ պահին երաժշտությունը դառնում է կենդանի, հասանելի ու իրական: Երեխաների՝ մեզ ուղղված հարցերը հիմնականում կապված են երաժշտական գործիքների հետ: Նրանք հաճախ մոտենում են երաժիշտներին, հարցեր են տալիս»,- նշում է Էլենիտա Սարգսյանը։

Ծրագրի շրջանակում Գյումրու բոլոր ավագ դպրոցների աշակերտները մասնակցում են ինտերակտիվ սիմֆոնիկ դասերի, որոնք անցկացվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կողմից։ Դասերը իրականացվում են «ՍիմֆոնիկA» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

Կրթական մոդուլները մշակվում են «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից՝ կիրառելով «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը։ Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, գիտական մոտեցման և ինտերակտիվ մեթոդների համադրությամբ դասերը վերածվում են երաժշտական պատկերավոր ճամփորդությունների՝ մոտեցնելով դասական երաժշտությունը դեռահասներին։

«Գյումրիում 2 փուլով ենք անցկացնելու մեր ինտերակտիվ դասերը՝ սեպտեմբերին և հոկտեմբերին: Առաջին փուլից հետո սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին ավագ դպրոցի աշակերտների համար Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախագծի շահառուների համար համերգ կունենա: Նույնը նաև երկրորդ շրջափուլին է վերաբերվում. հոկտեմբերի վերջին էլ կունենանք համերգներ՝ եզրափակելով ծրագիրը»,- նշեց Էլենիտա Սարգսյանը:
Բացի երաժշտական հմտություններից, երեխաները սովորում են նաև դասական համերգների ժամանակ ընդունելի վարքի կանոնները՝ ներառյալ լռության պահպանումը կատարումների ընթացքում, և էթիկայի ընդհանուր սկզբունքները։ Այդ մոտեցումն օգնում է ձևավորել գրագետ ու մշակութային գիտակցությամբ ունկնդիրների նոր սերունդ։

«Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել աշակերտներին՝ հասկանալու և ունկնդրելու դասական երաժշտություն, խթանելու բարձրաճաշակ երաժշտական մտածողություն և շատերի դեպքում՝ շարունակելու երաժշտական կրթությունը: Ծրագրի իրականացումը կնպաստի դասական երաժշտության համերգների լսարանի մեծացմանն ու երիտասարդացմանը՝ նպաստելով գեղագիտական ճաշակի և մտածելակերպի զարգացմանը։ 

Ըստ ծրագրի պատասխանատուի՝ 2018 թվականից ի վեր ծրագրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշակերտների ավելի քան 30%-ը դառնում է դասական երաժշտության հետևողական ունկնդիր։ Գյումրիում արձանագրված մեծ հետաքրքրությունը հիմք է տալիս ծրագրի ընդլայնման համար՝ այն տարածելու ՀՀ մյուս մարզերում ևս։

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը մշակվել և իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ծրագրի գաղափարը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։

 

 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում