«Երևանյան բեսթսելեր». «90-ականների Երևանը»՝ առաջատար. մանկական.հուլիս, 2025
8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» առաջին տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։
Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» երկրորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։
Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն երրորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...
Ջ.Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» չորրորդ տեղում է։ Վոլդեմորի դեմ մղվող պատերազմում կախարդ հանրությունը հաջողության չի հասնում: Հերմայոնին «Դեյլի փրոֆիթից» սոսկալի լուրեր է կարդում: Դամբլդորը պարբերաբար երկար ժամանակով բացակայում է Հոգվորթսից, և չնայած այս ամենին` կյանքը շարունակվում է: Վեցերորդ դասարանցիները սովորում են երևութանալ: Դասերը գնալով բարդանում են: Հարրի Փոթերն անսպասելի օգնություն է ստանում «Կիսարյուն արքայազն» անունով մի խորհրդավոր անձնավորությունից:
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» հինգերորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․․
Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» վեցերորդ տեղում է։ Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա արդյոք Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ո՞ւր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․
Յոթերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» ութերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։
Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։
Գառնիկ Ալեքսանյանի «Ժենգյալի համը» իններորդ տեղում է։ 11-ամյա Հայկն ամառային արձակուրդներին գնում է Շուշի։ Մորաքրոջ աղջկա՝ 10-ամյա Արևիկի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո Նրանք հայտնաբերում են քարացած Կելֆին, որը նրանց շնորհիվ կենդանանում է։ Շուտով Կելֆը երեխաներին պատմում է մարգարեության և աշխարհում տիրող բարի ու չար կախարդանքի մասին։ Նրանք պատկերացում չունեին, թե ինչ առաջադրանք է իրենց սպասվում և ինչպիսի գաղտնիքների ու փորձությունների են բախվելու…
Տասներորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Հայկ Աջապահյան, «90-ականների Երևանը» | Դավինչի | 152 |
| 2 | +1 | ![]() | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» | Դավինչի | 123 |
| 3 | +3 | ![]() | Գրիմ Եղբայրներ, «Հեքիաթներ» | Բուկինիստ | 115 |
| 4 | +1 | ![]() | Ջ.Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» | Զանգակ | 105 |
| 5 | -3 | ![]() | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» | Դավինչի | 95 |
| 6 | * | ![]() | Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը» | Դավինչի | 75 |
| 7 | * | ![]() | «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 60 |
| 8 | * | ![]() | Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը» | Դավինչի | 58 |
| 9 | * | ![]() | Գառնիկ Ալեքսանյան, «Ժենգյալի համը» | Դավինչի | 58 |
| 10 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Երկնքում շատ աստղեր կան» | Դավինչի | 54 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









