Չինաստան

Պատմական վայր, որը միավորում է Չինաստանին ու ԱՄՆ-ին․ Չուջոու քաղաքի հուշահամալիրը՝ նվիրված ամերիկացի օդաչուների կյանքը փրկած չինացիներին

6 րոպեի ընթերցում

Պատմական վայր, որը միավորում է Չինաստանին ու ԱՄՆ-ին․ Չուջոու քաղաքի հուշահամալիրը՝ նվիրված ամերիկացի օդաչուների կյանքը փրկած չինացիներին

Չինաստանի Ջեջիան նահանգի Չուջոու քաղաքում է գտնվում պատմական մի վայր, որն իսկապես միավորում է չինացիներին ու ամերիկացիներին։ Այդ պատմական վայրը ինքնին հուշահամալիր է՝ նվիրված տեղաբնիկ չինացիներին, որոնք, վտանգելով իրենց կյանքը, փրկել են 1942 թվականի ապրիլի 18-ին Ճապոնիայի վրա օդային հարձակում իրականացնելու նպատակով դեպի Տոկիո ուղևորված ամերիկացի օդաչուներին, որոնք, սակայն, վառելիքի սակավության պատճառով ստիպված են եղել վայրէջք կատարել այդ ժամանակ ճապոնական օկուպացիայի տակ գտնվող Ջեջիան նահանգի Չուջոու քաղաքում՝ հենց այսօրվա հուշահամալիրի տարածքում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Չինաստանը մոտիկից» ծրագրի շրջանակում Ջեջիան նահանգ այցելած միջազգային լրագրողները, հնարավորություն ունենալով այցելել հուշահամալիր, որ կրում է հենց ամերիկյան ուժերի օդային հարձակման հրամանատար Ջեյմս Դուլիթլի անունը, կարողացան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ այս պատմական իրադարձության վերաբերյալ։ 

Հետաքրքրական էր հատկապես այն հանգամանքը, որ հուշահամալիրի հենց մուտքի մոտ ցուցադրված էին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի խոսքերը 1942 թվականի այդ գործողության վերաբերյալ։

«Օդային հարձակումից հետո լեյտենանտ Ջեյմս Դուլիթլն ու իր հավատարիմ օդաչուները օդապարիկների միջոցով կարողացան վայրէջք կատարել Չինաստանում։ Նրանց այստեղ փրկեցին չինացի զինվորները և տեղի քաղաքացիները։ Ցավալիորեն նրանց այս քայլը շատ ծանր հետևանքներ ունեցավ չինացի ժողովրդի համար․ ամերիկացի օդաչուների կյանքը փրկելուն ի պատասխան՝ ճապոնացի զինվորները սպանեցին շուրջ 250 հազար քաղաքացու»,-ասված է Չինաստանի նախագահի հայտարարության մեջ։ 

Իր խոսքում՝ Սի Ծինփինը նաև նշել է, որ ամերիկացիները պետք է մշտապես հիշեն այն չինացիներին, որոնք, վտանգելով իրենց կյանքը, փրկել են ամերիկացի օդաչուներին։ 

«Այդ օդաչուների ժառանգները հաճախ այցելում են հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու օդաչուների կյանքը փրկած չինացիների հիշատակին։ Այս պատմությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությունը, որն անսասան է մնացել, անցնելով արյան և կրակի միջով, կփոխանցվի սերնդեսերունդ»,-ասել է Չինաստանի նախագահը։ 

Շրջելով հուշահամալիրի տարածքում՝ անհնար է չզգալ, թե որքան մեծ ուշադրություն է դարձված պատմական իրադարձության բոլոր դետալների պահպանմանն ու ճիշտ ներկայացմանը։

Համալիրում ներկայացված են ամերիկացի օդաչուների կողմից դեպի Տոկիո իրականացված օդային հարձակման գործողության ամբողջ ընթացքն ու բոլոր մանրամասները, ինչպես նաև իրերը, որոնք անմիջականորեն պատկանել են հենց օդաչուներին։ 

«Դուլիթլի հարձակումը», որը հայտնի է նաև որպես «Տոկիոյի հարձակում», Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարձակում էր՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի և Հոնսյուի ու այլ վայրերի վրա՝ իրականացված 1942 թվականի ապրիլի 18-ին։ 

Սա եղել է առաջին ամերիկյան օդային գործողությունը՝ իրականացված անմիջապես Տոկիոյի վրա։ Հարկ է նշել, սակայն, որ չնայած հարձակումը համեմատաբար աննշան վնաս է պատճառել Ճապոնիայի մայրաքաղաքին, այդուհանդերձ, այն ունեցել է շատ մեծ բարոյական նշանակություն, քանի որ այդ գործողությունն ԱՄՆ-ն իրականացրել էր ի պատասխան 1941 թվականի դեկտեմբերի 7-ին ամերիկյան Փերլ Հարբոր ռազմաբազայի վրա ճապոնական օդուժի անսպասելի հարձակմանը, որի հետևանքով էլ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը պատերազմ էր հայտարարել Ճապոնիայի Կայսրությանը։ 

Ամերիկյան ուժերի կողմից պլանավորված այդ օդային արշավը անվանակոչվել է փոխգնդապետ Ջեյմս Դուլիթլի անունով, որը ծրագրել և ղեկավարել էր հարձակումը։ 

Վերջնական պլանի համաձայն՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Hornet ավիակիրից արձակվեցին 16 B-25B Mitchell տեսակի միջին ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ հինգ հոգանոց անձնակազմ։ Տոկիոյի ռազմական և արդյունաբերական թիրախները ռմբակոծելուց հետո անձնակազմերը պետք է շարունակեին թռիչքը դեպի արևմուտք՝ Չինաստանում վայրէջք կատարելու նպատակով։ 

«Դուլիթլի ասպատակության» հետևանքներն առավել ծանր զգացվեցին Չինաստանում. վրեժ լուծելու համար ճապոնացիները սկսեցին Ջեջիան նահանգի դեմ արշավանքը՝ սպանելով 250,000 քաղաքացիական անձանց և 70,000 զինվորների։ 

Օդային հարձակմանը մասնակցող 16 անձնակազմերից 14-ը կարողացել են վերադառնալ Միացյալ Նահանգներ կամ հասնել ամերիկյան ուժերի անվտանգ տարածք։ Այդուհանդերձ, ճապոնական զորքերը գերեվարել են ութ օդաչուի, որոնցից երեքը հետագայում մահապատժի են ենթարկվել։ 

Հատկանշական է, որ հարձակման հեղինակ Ջեյմս Դուլիթլը սկզբում կարծել է, որ իրեն կդատեն ռազմական դատարանի առաջ՝ իր հիմնական թիրախները չոչնչացնելու համար, սակայն փոխարենը նա ստացել է Պատվո շքանշան և զինվորական ավելի բարձր կոչում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում