Թաիլանդի նախկին վարչապետին արդարացրել են թագավորական ընտանիքին զրպարտելու մեղադրանքներից
1 րոպեի ընթերցում

Բանգկոկի դատարանն արդարացրել է Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրային թագավորական ընտանիքին զրպարտելու մեղադրանքներից, որի պատճառով նա կարող էր ազատազրկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Մեղավոր ճանաչվելու դեպքում 76-ամյա նախկին վարչապետին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում, սակայն դատավորները նրան անմեղ են ճանաչել՝ նշելով, որ ապացույցները բավարար չեն նրան դատապարտելու համար։
Նա մեղադրվում էր Թաիլանդի «lese majeste» օրենքը խախտելու մեջ, որը քրեականացնում է թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի և նրա ընտանիքի դեմ ուղղված քննադատությունը։
Մեղադրանքը վերաբերում էր տասը տարի առաջ հարավկորեական թերթին տված նրա հարցազրույցին։
Թաքսին Շինավատրայի փաստաբանական թիմը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ նրա խոսքերը սխալ են մեկնաբանվել: