Մոգանշանի լեռների հրաշքը. Մերկ ամրոցն իր այցելուներին հիացնում է անկրկնելի տեսարաններով և խորհրդավոր պատմությամբ
5 րոպեի ընթերցում

Չինաստանի Ջեջիան նահանգի խիտ անտառները՝ հատկապես այնտեղ վեր խոյացող Մոգանշան լեռները, որոնք համանուն ազգային պարկի մաս են կազմում, այցելուներին պարզապես ապշեցնում է իր գեղեցկությամբ։ Մոգանշանի լեռան վրա էլ տեղակայված է միջնադարյան ոճով կառուցված մի հրաշագեղ կառույց, որը կրում է Մերկ ամրոց (Naked Castle) անվանումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Չինաստանը մոտիկից» ծրագրի շրջանակում Ջեջիան նահանգ այցելած միջազգային լրագրողները, այցելելով ամրոց, հնարավորություն ունեցան հիանալ Մոգանշանի անտառների դրախտային տեսարաններով և ավելի քան հարյուրամյա ամրոցի գեղեցկությամբ։

Մերկ ամրոցը, որը տեղացիների խոսքով՝ այդպես է անվանվում, քանի որ գտնվում է հենց անտառների մեջ՝ իր շքեղությամբ ու վեհությամբ, «չի ցանկանում թաքցնել իր էությունն ու բնության ծնունդ լինելու փաստը», հետևաբար էլ անվանվում է «մերկ»՝ միաձուլված լինելով սաղարթախիտ անտառների հետ։

Մերկ ամրոցը կառուցվել է բրիտանացի բժիշկ Դեյվիդ Դունկան Մեյնի կողմից՝ դեռևս 1910 թվականին։ Չինաստանի արևելքում գտնվող Ջեջիան նահանգում նա առավել հայտնի է եղել իր բժշկական միսիոներական աշխատանքով։ Դունկան Մեյնը 1881-1927 թթ-ին եղել է եկեղեցու միսիոներական ընկերության բժշկական առաքելության ղեկավարը և վայելել է տեղացի ժողովրդի անսահման հարգանքը։

Ամրոցում 2013 թվականին սկսված չորս տարվա համապարփակ վերականգնման նախագիծը մանրակրկիտ կերպով վերակենդանացրել է հիմնական կառույցը՝ միաժամանակ ներառելով ժամանակակից, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ:
Մերկ ամրոցն այժմ հանդիսանում է հյուրանոցային ցանցի մի մաս։ Ամրոցի վերանորոգման ընթացքում պահպանվել են բնօրինակ տեսարժան վայրերը, ինչպիսիք են ժայռային ամֆիթատրոնը և ամրոցի այգիները, միաժամանակ ավելացնելով նոր առանձնահատկություններ, այդ թվում՝ ժայռի ափին գտնվող անսահման լողավազան, սպա կենտրոն, չինական և արևմտյան ռեստորաններ և բացօթյա գործունեության գոտիներ:
Ամրոց-հանգստավայրն առաջարկում է նաև թանգարանային ոճի շրջագայություններ, արհեստանոցներ և հարսանեկան ծառայություններ, ինչն այն դարձնում է մշակութային տուրիզմի և էկո-շքեղ հանգստավայրերի առաջատար վայր:
Ամրոցի գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ հաղորդեց Մարկո Միլիցան, որը Naked Retreats հյուրանոցային ցանցի տարածաշրջանային գլխավոր մենեջերն է։

«Naked Retreats-ը Չինաստանում գործող ընկերություն է, որը մի քանի հանգստավայրեր է ղեկավարում Չինաստանում։ Մենք հիմա այստեղ ենք՝ մեր տարածքում, այն կոչվում է Naked Castle, որը բացվել է մոտ ութ տարի առաջ։ Եվ այն շատ հետաքրքիր պատմություն ունի։ Այսպիսով, մեր ընկերությունը հիմնադրվել է, կարծեմ, մոտ 15, 16 տարի առաջ։ Մենք արդեն ունեինք մեկ հանգստավայր այստեղ՝ Մոգանշանում, որը կոչվում է Naked Stables։ Բայց այդ պահին մեր հիմնադիր Գրանտ Հալսֆիլդը հայտնաբերեց ավերակներ այստեղ՝ Մոգանշան լեռան գագաթին։ Փորձելով պարզել, թե որտեղից են նրանք գալիս, և ինչ է եղել այստեղ, բացահայտվեց մի պատմություն այն մասին, որ հարյուր տարի առաջ եղել է մի փոքրիկ ամրոց՝ կառուցված շոտլանդացի միսիոներ, դոկտոր Դունկան Մեյնի կողմից: Եվ դա, ըստ էության, ոգեշնչել է ընկերությանը վերակառուցել այս ամրոցը: Այն վայրը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, իրականում նույն տեղում է, որտեղ եղել է սկզբնական ամրոցը: Սակայն սկզբնական ամրոցն ավելի փոքր էր, բայց հիմա մենք ունենք այս ամրոցը, որն ունի տասը սենյակ և չինական ռեստորան»,-զրույցի ընթացքում նշեց Մարկո Միլիցան:
Նրա բնորոշմամբ՝ այս պահին ամրոցը դեռևս գլխավոր տեսարժան վայրն է, որտեղ ներկայացվում է Մոգանշանի պատմությունը՝ հնարավորություն տալով հյուրերին հանգստանալու։
«Մենք առաջարկում ենք մի շարք միջոցառումներ, մենք ունենք հիանալի լողավազան, վայրը գեղեցիկ է և շրջապատված է լեռներով ու անտառներով և կան բազմաթիվ միջոցառումներ, որոնք կարելի է այստեղ անցկացնել։ Բայց սա իրականում մի վայր է, որտեղ հյուրերը կարող են վայելել, հանգստանալ։ Միևնույն ժամանակ, այս վայրի յուրահատկությունը նրանում է, որ այն կապված է Մոգանշանի պատմության հետ»,-եզրափակեց Մարկո Միլիցան։
