Չինաստան

Կոնֆուցիոսի մշակույթի հիմքում քաղաքավարությունն է. մեծն փիլիսոփայի ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող տաճարը մինչ օրս կանգուն է

4 րոպեի ընթերցում

Կոնֆուցիոսի մշակույթի հիմքում քաղաքավարությունն է. մեծն փիլիսոփայի ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող տաճարը մինչ օրս կանգուն է

Չինաստանի Զեջիան նահանգի Չուժոու քաղաքում գտնվող, ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող Կոնֆուցիոսի տաճարում ժամանակը, կարծես, կանգ է առել․ այցելուները, մուտք գործելով տաճար, ինքնաբերաբար ընկղմվում են չինացի մեծն ուսուցիչ և փիլիսոփա Կոնֆուցիոսի գաղափարական աշխարհ, հիանում փիլիսոփայի մտքի թռիչքով և հազարամյա տաճարի պատմությամբ։ Այս ամենը, վստահաբար, ավելի տպավորիչ և ապշեցնող է դառնում, երբ տաճարում այցելուներին դիմավորում և նրանց հետ զրուցում է մեծն փիլիսոփայի 76-րդ ժառանգը՝ ներկայացնելով Կոնֆուցիոսականության հիմնական ուղերձներն ու գաղափարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծն ուսուցչի մտքի գոհարներն ու փիլիսոփայության արժեքները ներկայացվեցին նաև «Չինաստանը մոտիկից» ծրագրի շրջանակներում Ջեջիան նահանգ այցելած միջազգային լրագրողներին։  

Տաճարը հայտնի է նաև «Նանզոնգ» (Հարավային տաճար) անունով, այն զբաղեցնում է 14․000 քառակուսի մետր ընդհանուր տարածք՝ 7490 քառակուսի մետր կառուցապատված տարածքով: Այն Չինաստանում Քոնգ ընտանիքին պատկանող ընդամենը երեք տաճարներից մեկն է, իսկ հենց Չուժոու քաղաքը ճանաչված է որպես հարավային Կոնֆուցիոնիզմի ծննդավայր: 

Հատկանշական է, որ տաճարը գտվում է ինչպես Չինաստանի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ նահանգային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Այն մանրակրկիտ կերպով մշակվում և պահպանվում է՝ իհարկե, փոփոխության չենթարկելով տաճարի պատմական պատկերն ու կառուցվածքային առանձնահատկությունները։ 

Տաճարի աշխատակիցների խոսքով՝ 2002 թվականին այստեղ է այցելել նաև Չինաստանի ներկա նախագահ Սի Ծինփինը և հրահանգել ամեն կերպ պահպանել և զարգացնել այս եզակի մշակութային ժառանգությունն ու նոր սերունդներին փոխանցել։ 

«Տեղեկանալով դրա պատմության և կոնֆուցիական արարողություններ անցկացնելու ծրագրերի մասին՝ Սի Ծինփինը նշել է, որ Կոնֆուցիոսի «Նանզոնգ» տաճարը կրում է խորը պատմական և մշակութային ժառանգություն: Հարավային կոնֆուցիոնիզմը արժանի է խորը ուսումնասիրության և ակտիվ առաջմղման: Այս կարևոր հրահանգներին համապատասխան՝ տաճարը դարձել է կենսական հարթակ չինական ավանդական մշակույթի առաջխաղացման համար»,-նշեցին տաճարի պահպանման աշխատակիցները՝ վերհիշելով նախագահ Սիի խոսքերը: 

Տաճար այցելության, թերևս, ամենահիշարժան և տպավորիչ պահը եղավ այն, որ լրագրողների հետ հանդիպեց մեծն փիլիսոփա Կոնֆուցիոսի 76-րդ ժառանգը՝ Քոնգ Լինգ Լին։ Վերջինս մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ լրագրողներին էր ներկայացնում տաճարի հիմնադրման և հետագա գործունեության պատմությունը։ Նա փորձում էր նաև բնութագրել, թե ինչ է իրենից ներկայացնում Կոնֆուցիոսականությունը, և թե որն է դրա դերը չինացի ժողովրդի համար։ 

«Մեր կոնֆուցիական միտքը մարդասիրություն և ինքնավստահություն ստեղծելն է։ Կոնֆուցիոսի մշակույթի հիմքում քաղաքավարությունն է։ Ես հավատում եմ, որ կոնֆուցիական մշակույթի տարածման ուղղությամբ մենք կշարունակենք քրտնաջան աշխատել։ Ես հավատում եմ, որ մեր կոնֆուցիական մշակույթը և միտքը կընդունվեն աշխարհի ավելի ու ավելի շատ մարդկանց կողմից»,-ասաց Քոնգ Լինգ Լին՝ ընդգծելով, որ Կոնֆուցիոսականությունը նշանակում է լինել քաղաքավարի և բարի, ինչը չինական մշակույթի էությունն է։

Նրա բնորոշմամբ՝ ամեն տարի սեպտեմբերի 28-ին տաճարում անցկացվում է Կոնֆուցիոսի արարողություն՝ «ժամանակակից կոնֆուցիական ծեսերով»։ Տաճարում նաև պարբերաբար կազմակերպվում են կրթական շրջագայություններ, հայրենասիրական միջոցառումներ և մշակութային քարոզչական ծրագրեր՝ ողջունելով այցելուներին ինչպես Չինաստանից, այնպես էլ արտասահմանից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում