Սի Ծինփինի այցի արդյունքում «վերածնունդ» ապրած Ջինշին չինական փոքրիկ գյուղը․ խրճիթներից մինչև զբոսաշրջային հյուրատներ

6 րոպեի ընթերցում

Չինաստանի նահանգներից մեկում՝ Ջեջիանում տեղակայված Ջինշին փոքրիկ գյուղը, որի բնակիչները դեռևս տարիներ առաջ զբաղվում էին միայն ձկնորսությամբ և գյուղատնտեսական այլ աշխատանքներով, 2006 թվականից հետո ամբողջությամբ կերպարանափոխվել է՝ դառնալով նահանգի ամենահայտնի ու ամենագողտրիկ զբոսաշրջային վայրերից մեկը։ Տեղացիների բնորոշմամբ՝ բնակավայրի «վերածնունդը» կապված է Ջեջիան նահանգային կուսակցական կոմիտեի այն ժամանակվա քարտուղար և Չինաստանի ներկա նախագահ Սի Ծինփինի այցի հետ, ինչից հետո գյուղը, կարծես, նոր շունչ է ստացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Չինաստանը մոտիկից» ծրագրի շրջանակում Ջեջիան նահանգ այցելած միջազգային լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շրջել բնակավայրի տեսարժան վայրերով, պատկերացում կազմել դրա զարգացման ուղու մասին, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրել տեղի բնակիչների առօրյան։ 

Չինական փոքրիկ գյուղի բնակիչները լրագրողների հետ զրույցում նշում էին, որ իրենք նախկինում զբաղվել են միայն ձկնորսական և գյուղատնտեսական տարաբնույթ աշխատանքներով՝ մեծ դժվարությամբ փորձելով ապահովել իրենց կյանքը։ Այժմ այդ նույն բնակիչների ապրուստի հիմնական միջոցը զբոսաշրջիկների այցելությունների արդյունքում վաստակած գումարներն են։ 

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ 2006 թվականին գյուղ կատարած այցը դրական իմաստով ճակատագրական է եղել փոքրիկ բնակավայրի բնակիչների համար։ Վերջիններս պատմում էին, որ Չինաստանի ներկա առաջնորդն այդ այցի ժամանակ գյուղացիների հետ զրույցում անկեղծ հույս է հայտնել, որ Ջինշինն ու հարակից մյուս բնակավայրերը կկարողանան «բոլոր բնակիչների համար ապահովել աշխատատեղեր և եկամուտներ յուրաքանչյուր տնային տնտեսության համար»։ 

Ջեջիան նահանգի այն ժամանակվա նահանգապետի այս խոսքերը մեծ ոգևորություն են առաջացրել Կոմունիստական կուսակցության անդամների և Ջինշին գյուղի բնակիչների շրջանում։ 

Հետաքրքրական է, որ այս խոսքերը հավերժացած են գյուղի միջով անցնող գետի ափին տեղադրված ցուցանակների վրա, որոնք մշտապես գտնվում են տեղացիների աչքերի առաջ։

Գյուղը, ոգեշնչված լինելով այս տեսլականով, այդ ժամանակվանից ի վեր ընդունել է այն փիլիսոփայությունը, որ «պարզ ջրերը և փարթամ լեռները անգնահատելի արժեքներ են»։  

Ծանոթանալով գյուղի գեղատեսիլ վայրերին՝ անհնար է անտարբեր անցնել շուրջ հազարամյա պատմություն ունեցող ծառի նկատմամբ, որի պահպանման համար գյուղի ղեկավարությունը ջանք չի խնայում՝ այն գիտակցմամբ, որ այդ ծառը գյուղի զբոսաշրջային այցեքարտերից մեկն է համարվում։ 

Հատկանշական է, որ 2000-ականների կեսերից նահանգային իշխանությունների կողմից գյուղում իրականացված մեծածավալ ներդրումների շնորհիվ տեղացիները կարողացել են իրենց երբեմնի փոքրիկ տնակներն ու հյուղակները վերածել հարմարավետ և ժամանակակից հյուրատների, որոնք բավականին հարմարավետ են ինչպես Չինաստանի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։  

Սկսած 2006 թվականից՝ գյուղում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ «երեք վերանորոգում և մեկ քանդում» արշավը, շրջակա միջավայրի բարելավման նախագծերը և «զուգարանների հեղափոխությունը» (խմբ․՝ սա կառավարական արշավ է, որն ուղղված է Չինաստանում սանիտարական պայմանների բարելավմանը: 2015 թվականին Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է բարելավել զբոսաշրջային վայրերում հասարակական զուգարանների սանիտարական պայմանները, որոնց մասին օտարերկրյա ճանապարհորդները մշտապես բողոքել են: 2015-ից 2017 թվականներին Չինաստանում կառուցվել է ավելի քան 68,000 հասարակական զուգարան։ 2017 թվականին նախատեսվել է ևս 64,000 հասարակական զուգարանի կառուցում)։ 

Ջինշին գյուղի զարգացման նպատակով տարիների ընթացքում ծրագրվել և  իրագործվել են նաև մի շարք այլ նախագծեր․ մասնավորապես՝ մշակվել և արդիականացվել է հանգստի 4 այգի, 7 էկոլոգիապես մաքուր հանրային զուգարան և 4 նավահանգիստ։ Այս ամենի արդյունքում Ջինշին գյուղը ճանաչվել է որպես ազգային 3A մակարդակի գեղատեսիլ զբոսաշրջային բնակավայր և գեղեցիկ գյուղական վայրերի զարգացման նահանգային մոդել։ 

Տեղացիների խոսքով՝ վերջին 17 տարիների ընթացքում գյուղը հավատարիմ է մնացել համայնքների զարգացման մասին գաղափարին՝ հաստատուն կերպով հետևելով կանաչ զարգացման և գյուղական վայրերի վերածննդի ուղուն։ 

Գյուղն արժանացել է բազմաթիվ, այդ թվում՝ «Ազգային քաղաքակիրթ», «Ազգային գլխավոր գյուղական զբոսաշրջային գյուղի առաջին խումբ», «Չինաստանի գեղեցիկ հանգստի գյուղ» և այլ պարգևների։ 

Ավանդական գյուղատնտեսական ոլորտներն, ինչպիսիք են անտառտնտեսությունը, պտղաբուծությունը և թեյի մշակումը, ծաղկում են ապրել։ Մինչդեռ գյուղացիները, որոնք մի ժամանակ կախված էին անտառահատումից, անցել են զարգացող ոլորտների, ինչպիսիք են բարձրակարգ ծառայությունները, ֆինանսները և էլեկտրոնային առևտուրը: Օգտվելով էկոտուրիզմի տնտեսությունից՝ Ջինշինը ձեռք է բերել ինչպես ամուր հեղինակություն, այնպես էլ զգալի բարգավաճում՝ բարձրացնելով գյուղաբնակների կենսամակարդակը:

Հայերեն Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ