«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հուլիս, 2025
8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» գիրքն առաջին տեղում է։ Գիրքը Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի շարունակությունն է, որտեղ բոլոր հարցերը, անգամ չտրվածները, ստանում են իրենց պատասխանները, իսկ պատմությունը՝ իր անհավանական հանգուցալուծումը։ Վերջին դժբախտությունն Էսթերի մեջ սպանում է երբեմնի կենսուրախ աղջկան. երիտասարդ նկարչուհին ամիսներով փակվում է իր սենյակում՝ ինքն իրեն անջատելով արտաքին աշխարհից: Բայց արտերկրից ժամանած ընկերուհին խոստանում է փրկել իրավիճակը և առաջարկում մի քանի օրով մեկնել Լոռի՝ գեղատեսիլ գյուղերից մեկում հանգստանալու։ Եվ ահա երկու ընկերուհիներ մեծ խմբի հետ միասին անցնում են գյուղից 13 կիլոմետր այն կողմ գտնվող թունելը՝ չգիտակցելով, որ մուտքն այդ հրեշավոր գետնուղով տանում է դեպի աներևակայելի սարսափներով լի նոր իրականություն:
Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Չորրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։
Սյունե Սևադայի «Արիության մետաղ»-ը հինգերորդ տեղում է։ Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը վեցերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Րաֆֆու «Խենթը» յոթերորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։
Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» ութերորդ տեղում է։ Վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ։
Ավետ Բարսեղյանի «Հայելիս» իններորդ տեղում է։ «Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։
Արմեն Վարդանյանի «Մի անգամ Երևանում» գիրքը տասներորդն է։ Իրադարձությունները ծավալվում են 1993 թվականի ձմռանը: Արտակը և Գնելը եղբայրներ են, որոնք ներկայացնում են 90-ականների երիտասարդության երկու հակառակ բևեռները։ Արտակը սովորում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ՈՒՀԱ-ի թիմի ավագ է, աղջիկների սիրելին: Գնելը տաղանդավոր ըմբշամարտիկ է և թաղային հեղինակություն: Բուհ, փողոց, սիրային եռանկյունիներ: Եվ այդ ամենը՝ 90-ականների անմարդկային պայմաններում, ինչը երիտասարդներն անտեսում էին՝ փորձելով ապրել... Ապրել իրենց բաժին հասած երիտասարդ տարիները։
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Ռուբեն Եսայան, «Մարդասպանը ես եմ» | Զանգակ | 427 |
| 2 | 0 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 108 |
| 3 | 0 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ հրատ | 71 |
| 4 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Շելա» | Դավինչի | 39 |
| 5 | +2 | ![]() | Սյունե Սևադա, «Արիության մետաղ» | Newmag | 25 |
| 6 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 25 |
| 7 | * | ![]() | Րաֆֆի, «Խենթը» | Անտարես | 20 |
| 8 | * | ![]() | Վախթանգ Անանյան, «Հովազաձորի գերիները» | Անտարես | 19 |
| 9 | * | ![]() | Ավետ Բարսեղյան, «Հայելիս» | Newmag | 12 |
| 10 | * | ![]() | Արմեն Վարդանյան, «Մի անգամ Երևանում» | հեղ հրատ | 12 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









